Արտահանել արտադրանք, և ոչ` աշխատուժ

Հայաստանի տնտեսությունը Մաքսային միության սահմաններում չի կարող դառնալ ավելի արդյունավետդարում հասնել

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը խոսում է Հայաստանի տնտեսության խնդիրների մասին: Նրա կարծիքով՝ Հայաստանն անցած 22 տարիներին կառուցել է հնարավոր ամենաանարդյունավետ տնտեսական համակարգը:

Հայկ, Դուք լրատվության ոլորտում բավական երկար տարիների փորձ ունեք և տնտեսությանը, կարելի է ասել, ներսից եք ծանոթ: Եթե հետահայացք դիտարկենք, ինչպիսի՞ տնտեսություն ենք կառուցել այս 22 տարիներին:

– Եթե մի քանի բառով ասենք, ապա այդ առիթով ուրախանալու տեղ չունենք: Մենք կառուցել ենք հնարավոր ամենաանարդյունավետ տնտեսական համակարգը, որին ընդհանրապես մարդկությունը կարող էր 21-րդ դարում հասնել: Այդ տեսանկյունից Հայաստանի տնտեսությունը որևէ լավ հեռանկար չունի:

-Իսկ ինչպիսի՞ տնտեսություն ենք կառուցել: Հիշում եմ` մինչև ճգնաժամը Հայաստանի տնտեսությունն անվանում էին «Կովկասյան վագր»:

– Հիմա էլ, եթե զուտ ցուցանիշներով նայեք, կարելի է «վագր» չէ, բայց ասենք «հովազ» անվանել, բայց դրանից բովանդակությունը չի փոխվում: Ամեն տարի մենք աճում ենք կա´մ երկնիշ, կա´մ երկնիշին մոտ թվերով, բայց որակական իմաստով տնտեսությունն անվանել անորակ` նշանակում է` ոչինչ չասել: Ու ընդհանրապես, չեմ կարծում, որ կարելի է տնտեսություն համարել մի երկրի չակերտավոր տնտեսությունը, որտեղ բյուջեն ավելի փոքր է, քան ստացվող մասնավոր տրանսֆերտները: Այսինքն` Հայաստանում գնողունակ պահանջարկ ստեղծող հիմնական գործոնը դրսից ուղարկվող մասնավոր տրանսֆերտներն են: Կարծում եմ` դրանով ամեն ինչ ասված է:

– Մասնավոր տրանսֆերտները կարող ենք դիտարկել նաև աշխատուժի արտահանումից ստացված եկամուտներ, ինչպես օրինակ պղնձամոլիբդենայինի դեպքում է:

– Այդ դեպքում` ես կնախընտրեի արտադրանք արտահանել և ոչ թե աշխատուժ: Լավ տնտեսությունն այն տնտեսությունն է, որը ոչ թե աշխատուժ է արտահանում, այլ աշխատուժի ստեղծած բարիքները: Դա է որակյալ տնտեսությունը: Ինչքան շատ արտահանես արտադրանք, այդքան որակյալ տնտեսություն կունենաս:

– Բայց մեզ խոստանում են, որ մենք գիտելիքահեն տնտեսություն ենք կառուցում: Ո՞ր փուլում է ներկայում գործընթացը:

Եթե դուք ինձ ցույց տաք գիտելիքահեն տնտեսության որևէ օրինակ, ես շատ ուրախ կլինեմ: Բայց այսօրվա Հայաստանի տնտեսությունը հիմնականում հանքարդյունաբերությունն է, որը տեխնոլոգիական կամ գիտելիքի հետ կապված որևէ խնդիր չի լուծում:

-Այն, որ մենք ունենք այն տնտեսությունը, ինչ ունենք, միգուցե մեզանի՞ց է: Մենք` հայերս, չենք կարողանում աշխատել, արարել, և ամեն ինչ ինքնահոսով է գնում:

-Այս հարցում ես չէի համաձայնի, որովհետև կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, երբ Հայաստանից մեկնած գործարարը դրսում կայուն, նորմալ աշխատում է, հատկապես` Արևմուտքում: Ռուսաստանում խնդիրը մի քիչ այլ է, Ռուսաստանի տնտեսությունը շատ բանով չի տարբերվում Հայաստանի տնտեսությունից իր անարդյունավետության մակարդակով:

-Այսինքն` ճի՞շտ է Մաքսային միությանն ինտեգրվելը, քանի որ գրեթե նույն  մակարդակի տնտեսություններ ունենք:

– Մենք ճիշտ չենք արել, մենք պարզապես գնացել ենք ամենահեշտ ճանապարհով, որը տանում է դեպի անդունդ, անորոշություն: Հայաստանի տնտեսությունը Մաքսային միության սահմաններում չի կարող դառնալ ավելի արդյունավետ, այլ ընդհակառակը` ինչ-որ հույսեր կային, որ հնարավոր է` ժամանակակից տնտեսվարման մեթոդներով մի քիչ փոխվեր, սակայն այդ հույսն էլ կորցրինք:

Կառավարությունում կան մասնագիտությամբ տնտեսագետներ, որոնք վերլուծելու կարողություններ ունեն: Իսկ ինչո՞ւ չեն կարողանում կառուցել այդ նորմալ տնտեսությունը` ըստ առանձին ճյուղերի և տեսլական նախագծի:

-Հարցը կարծում եմ սխալ է ի սկզբանե, որովհետև կառավարությունում նստած տնտեսագետները չեն, որ կառուցում են Հայաստանի տնտեսությունը: Հայաստանի տնտեսությունը կառուցում են մի խումբ ու շատ սահմանափակ թվով օլիգարխներ, իսկ կառավարությունում աշխատող տնտեսագետներն ընդամենը մի խնդիր ունեն` նրանք ձևակերպումներ են անում ընդամենը, թե ինչու պետք է օլիգարխներն ավելի  շատ եկամուտներ ստանան:

Այդ դեպքում միգուցե մեզ ընդհանրապես կառավարություն պետք չէ՞, եթե հաշվի առնենք սպասվող սահմանադրական բարեփոխումները:

-Չէ, պետք է, քանի որ Սահմանադրությամբ նախատեսված է:

Այդ դեպքում Սահմանադրությունը փոփոխության կենթարկենք:

– Երբ կփոփոխեն, այն ժամանակ էլ կմտածենք`գուցե իրոք պետք չէ:

– Հայկ, Դուք երկար տարիներ լրագրության ոլորտում եք, որի դերն է բարձրաձայնել խնդիրների մասին: Ձեր բարձրացրած խնդիրները լուծում ստանո՞ւմ են կառավարության կողմից:

-Ընդհակառակը: Գիտեք` ակնհայտ խնդիրներ կան, օրինակ` ամենամեծ չարիքը տնտեսության համար ստվերային տնտեսությունն է: Նույնիսկ նույն կառավարության հրապարակած պաշտոնական փաստաթղթերը նույնիսկ թռուցիկ նայելու դեպքում կարելի է մոտ մի քանի միլիարդ դրամի թաքնված հարկեր հայտնաբերել: Օրինակ` հանքարդյունաբերությունը, շաքարի արտադրությունը, հսկայական գործարանները, որոնք կամ ընդհանրապես հարկ չեն վճարում կամ վճարում են ակնհայտ քիչ գումարներ: Շատ հեշտ կարելի է հաշվարկել, որ այդտեղ ստվեր կա: Դրա մասին կարելի է անընդհատ գրել, կարել է գրել մեկ, երկու, երեք, չորս տարի, բայց ոչ մի տարբերություն: Այսինքն` այստեղ տնտեսական լրատվության արագ արձագանք հաստատ չկա, թեև չեմ կարող ասել` գուցե 10 տարի հետո կառավարությունում չակերտավոր հասկանան, որ իրոք հանքարդյունաբերությունում ստվեր կա:

-Իսկ միգուցե մեր տնտեսությունում իրականում դրական բանե՞ր կան, պարզապես մենք և քաղաքացիները չենք տեսնում:

– Սև ակնոցներ ենք հագել, գաղջ մթնոլորտ ենք ստեղծում: Ասում են, որ տնտեսությունը չի զարգանում, հայտնի թեզ է, թող մի քիչ էլ պտտեն:

-Ի՞նչ առաջնային քայլեր ու խնդիրներ կան, որոնք արմատապես պետք է լուծվեն:

– Շատ հեշտ կարելի է ձևակերպել, թե ինչ է կարելի անել, ինչպես պետք է անել, բայց քանի որ համոզված ես, որ դա չի արվելու…. Առաջին հերթին` տնտեսության ապակենտրոնացում, օրինակ` արտասահմանում արևմտյան տնտեսվարման մոդելով աշխատող երկրներում, խիստ սահամանափակված է սուպերմարկետների թիվը քաղաքում: Իսկ Հայաստանը գնում է լրիվ հակառակ ուղղությամբ` կենտրոնացնում են մի քանի հոգու ձեռքում: Կենտրոնացումը, ընդհանրապես, եթե պետության կողմից չի սահմանափակվում, սահման չունի կենտրոնանալու: Ի վերջո, կենտրոնանում է մի հոգու ձեռքում, հետո այդ մնացածները չեն կարողանում մրցակցությանը դիմանալ, նրանք են սնանկանում, նրանք նորից են հարստանում, չունի այդ սահմանը:

-Իսկ հնարավո՞ր է, որ վերջում այդ մեկը դառնա նախագահ:

– Անխուսափելի է, եթե նույն ձևով շարունակվի: Տնտեսության ապակենտրոնացումը պետք է լինի ածանցյալ քաղաքականության ներքաղական փոփոխությունների արդյունք, բայց դրանք շաղկապված են: Ուստի հենց դրա համար եմ ասում, որ Հայաստանի տնտեսության համար որևէ լավ հեռանկար անձամբ ես չեմ տեսնում:

-Բայց մեր քաղաքական գործիչները բիզնես չունեն, իրենք ի՞նչ մեղավոր են, որ իրենց զոքանչը կամ տղաները բավական գործարար ջիղ ունեն

– Իհարկե, ոչ մի բիզնես չունենալու ամենավառ ապացույցը Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն է. նա բացարձակապես որևէ բիզնես չունի, աշխատավարձով է ապրում, շատ համեստ բնակարանում: Նույնը կարելի է ասել շատ ու շատ այլ պաշտոնյաների մասին:

Զրուցել է Արմենակ Չատինյանը

Տեսանյութը դիտեք այստեղ: