ՄԱԿ-ում Սաակաշվիլիի ելույթի ժամանակ Ռուսաստանի պատվիրակությունը հեռացել է դահլիճից

Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ելույթի ժամանակ Ռուսաստանի պատվիրակությունը ցուցադրաբար հեռացել է դահլիճից, հաղորդում է «Ռիա նովոստին»:

«Ի նշան անհամաձայանության՝ այն գնահատականների, որը պարոն Սաակաշվիլին արել է Գլխավոր ասամբլեայի տրիբունայից, Ռուսաստանի ներկայացուցիչները հեռացել են դահլիճից», -ասել է Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Վրաստանի նախագահն իր ելույթում խիստ քննադատության  է ենթարկել  Ռուսաստանի իշխանություններին և նրանց արտաքին քաղաքականությունը, հաղորդում է BBC-ն:

Մասնավորապես՝ նա նշել է, որ ի տարբերություն երկրների մեծամասնության՝ Ռուսաստանը շահագրգռված չէ իր հարևանների կայունության հարցում և մերժումէ Վրաստանում, Ուկրաինայում ու Մոլդովայում ուժեղ կառավարությունների գաղափարը:

Մոսկվան, ըստ Սաակաշվիլիի, հասկանում է, որ երբ իշխանության գան ուժեղ կառավարություններ, պետությունները անկախ կդառնան և կսկսեն մերձենալ Եվրոպայի հետ:

Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը օկուպացրել է Աբխազիան ու Հարավային Օսիան: Նա նաև քննդատել է Եվրասիական միության գաղափարը: Սաակաշվիլիի խոսքով՝  այն ուղղված է խորհրդային կայսրության վերականգնմանը:

«Մի քանի տարի անց Պուտինը կհեռանա Կրեմլից, կվերանա ռուսական քաղաքականությունից: Ռուսաստանի քաղաքացիները կհիշեն նրան որպես հին ժամանակների՝ կոռուպցիայի և  ճնշումների ժամանակների ուրվականի», -ասել է Սաակաշվիլին:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Սաակաշվիլի ելույթն անվանել է հիվանդագին մտքերի ամբողջություն՝ հավելելով, որ Սաակաշվիլիի ելույթը ոչ միայն հակառուսական, այլև ռուսատյաց և հակաուղղափառ բնույթ է ունեցել: