Թուրքական բանտից PKK-ի զինյալների փախուստը և տխուր վերջաբանը

Թուրքական ոստիկանության գործողությունների արդյունքում ժամեր առաջ Բինգյոլի Օրթաչանաք գյուղում հաջողվել է ձերբակալել նախօրեին բանտից փախած PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցության) 18 անդամներից 17-ին, հաղորդում է Haberturk-ը:

Սեպտեմբերի 25-ին PKK-ի 18 անդամների անհավանական փախուստը Բինգյոլի բանտից մեկ օր շարունակել է մնալ թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում:  

Պարզվել է, որ բանտարկյալները երկու բանտախցերում մեկ տարի շարունակ թունել են փորել, ապա՝ միավորել դրանք, գրում է Milliyet-ը:  Ուշագրավ է, որ բավական երկար այդ թունելը (տարբեր տվյալներով՝ 75-100 մ) փորել են գդալի և պատառաքաղի օգնությամբ:   

Թուրքական մամուլը քուրդ զինյալների փախուստը որակել է Բինգյոլի բանտի աշխատակիցների անփութության հետևանք:

Բանտարկյալների մի մասը դատապարտված էր ցմահ ազատազրկման: