Երևանի բոլոր գրադարանները մինչև տարեվերջ ջեռուցում կունենան

Մայրաքաղաքի բոլոր գրադարանները մինչև տարեվերջ ապահովված կլինեն ջեռուցման համակարգերով: Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Երևանի քաղաքապետարանի 2013թ. ծրագրով սահմանված ժամանակացույցի համաձայն` շարունակվում են քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների նորոգման, հիմնանորոգման, ինչպես նաև մշակութային հաստատությունների  ջեռուցման ապահովման ու վերանորոգման  աշխատանքները:

Ծրագրի արդյունքում ջեռուցման համակարգերով կապահովվի մայրաքաղաքի 16 գրադարան: Դրանցից 12-ում աշխատանքներն արդեն ավարտվել են: Ծրագիրն այս տարի ամբողջանում է, և մայրաքաղաքի բոլոր գրադարանները մինչև տարեվերջ ապահովված կլինեն ջեռուցման համակարգերով: Ջեռուցման համակարգերով են համալրվում նաև քաղաքապետարանի ենթակայության երաժշտական ու արվեստի դպրոցները, մշակույթի կենտրոնները:

Մշակութային օջախների ջեռուցման ծրագրում ընդգրկված են նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնը և Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանը:

Ծրագրի շրջանակում 28 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման և մասնակի նորոգման աշխատանքներ, որոնց մեծ մասն արդեն իսկ ավարտված է: