Գյուլի և Ռոհանիի հանդիպումն անցել է «ջերմ ու դրական մթնոլորտում»

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում հանդիպել է իրանցի իր գործընկեր Հասան Ռոհանիի հետ, հաղորդում է Hurriyet Daily News-ը: Նախագահները քննարկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ սիրիական ճգնաժամը: 

Թուրքական պարբերականը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, գրել է, որ հանդիպման ժամանակ նախագահներն ընդգծել են երկու երկրների դերակատարությունը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում: Ռոհանին և Գյուլն անդրադարձել են երկու երկրների միջև համագործակցության կարևորությանը Սիրիայում արյունահեղությանը վերջ տալու համար: 

«Թուրքիան դրական է գնահատում ընտրություններից հետո իրանական կառավարության արած հայտարարությունները: Կարծում ենք, որ այդ դիրքորոշումներին հավատարիմ մնալը կառուցողական արդյունքների կբերի և՛ Իրանում, և՛ միջազգային ոլորտում», – ասել է Գյուլը:

Hurriyet-ի փոխանցմամբ՝ Գյուլի և Ռոհանիի հանդիպումը տևել է 40 րոպե և անցել «ջերմ ու դրական մթնոլորտում»: 

Երկու երկրների արտգործնախարարները բավական ակտիվ են աշխատել: Նախարարները փոխադարձ մի շարք այցելություններ են ունեցել, որոնց նպատակն է պահպանել սերտ կապերը Թուրքիայի և Իրանի միջև: