Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Հարվարդի համալսարանում

Սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցելությամբ Միացյալ Նահանգներում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով է հանդես եկել Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նախարարն իր ելույթում և հարցերին պատասխաններում ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերությունները, Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, սիրիական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հարվարդի համալսարանի մարշալ Ջեքի Օ’Նիլի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հեղինակավոր կրթօջախում հայազգի ուսանողների առավել ներգրավման հնարավորությունները։ Հարվարդում Էդվարդ Նալբանդյանը նույն համալսարանի պատվավոր պրոֆեսոր, բժշկական ֆակուլտետի բազմամյա դեկան Էրնեստ Բարսամյանին հանձնել է ՀՀ նախագահի կողմից շնորհված «Մխիթար Հերացի» մեդալը։ Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Նյու-Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան:

Մեկնաբանել