ՌԴ սահմանապահները խոչընդոտել են «Ժառանգության» քարոզարշավը Սյունիքում. հայտարարություն

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ/ФСБ) սեպտեմբերի 25-ին խոչընդոտել է «Ժառանգության» քարոզչական խմբի գործունեությունը Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում, հաղորդում են կուսակցության մամուլի ծառայությունից:

«Ժառանգության» տարածած հայտարարության համաձայն` քարոզչական խմբի կազմում եղել են Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգության» կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հայրապետյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը, ՀՀ այլ քաղաքացիներ:

«Առավոտյան Կապանից Մեղրի ճանապարհին ԱԴԾ աշխատակիցները կանգնեցրել և խուզարկել են «Ժառանգության» քարոզչախմբի երկու մեքենաները՝ առանց որևէ հիմնավորման: Ընդ որում` մեքենաներին չեն թույլատրել շարունակել իրենց երթը մինչև որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի ներկայացրել իր պատգամավորական վկայականը, խմբի առաքելությունը՝ ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզչության շրջանակներում, և բացատրություններ պահանջել կատարվող գործողությունների համար, որից հետո ԱԴԾ-ականը ինչ-որ հեռախոսազանգ է արել և ապա թույլ տվել քարոզչախմբին շարունակել իր ճանապարհը: Ընդ որում` ռուս ԱԴԾ-ականները գործել են ոչ թե ՀՀ իրավապահների, այլ ՀՀ ՊՆ զինվորների ուղեկցությամբ:  

Սակայն երեկոյան՝ ետդարձի ճանապարհին, «Ժառանգության» ավտոշարասյունը նորից կանգնեցվել է ՌԴ ԱԴԾ-ի ներկայացուցիչների կողմից՝ ստուգման և խուզարկության նպատակով: Նրանք վերստին մերժել են Զարուհի Փոստանջյանի պահանջը՝ հիմնավորելու իրենց գործողությունները: Ռուս ԱԴԾ-ականները գործել են կոպիտ և անհարգալից պահվածք դրսևորել թե ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանիև թե խմբի մյուս անդամների՝ ՀՀ քաղաքացիներ հանդեպ: Միջադեպի ամբողջ ընթացքը նկարահանել է Սամվել Հայրապետյանի նախընտրական շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը: Սակայն ԱԴԾ-ականը փորձել է խլել նրա տեսախցիկը և կոտրել այն: Հետագայում դեպքի վայր ժամանած մի բարձրաստիճան ԱԴԾ-ական՝ ոմն գնդապետ Միրզոև Զարուհի Փոստանջյանից ներողություն է խնդրել իր ստորադասի կատարած արարքի համար, հիմնավորել ՌԴ ԱԴԾ-ի գործողությունները ինչ-որ իրանցի թմրագործակալի փնտրման աշխատանքներով և առաջարկել ներքին կարգով փոխհատուցել կոտրված տեսախցիկի արժեքը: Սակայն  Զարուհի Փոստանջյանը հրաժարվել է առաջարկվող գումարից և պնդել, որ այն պետք է վճարվի դատական կարգով՝ ՀՀ օրենքներով նման հանցագործության համար նախատեսված պատժին զուգահեռ:

Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է հաղորդում տալ հանցագործության մասին:

Մենք դիտարկում ենք այս միջադեպը որպես կոպիտ արտաքին միջամտություն ՀՀ ներքաղաքական գործընթացներին, որը տեղի է ունենում ՀՀ իշխանությունների՝ Հանրապետական կուսակցությանև անձամբ դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի թողտվությամբ, եթե ոչ անմիջական մեղսակցությամբ: Այն ևս մեկ անգամ ի ցույց դրեց ընտրությունները կեղծած և իշխանությունը բռնազավթած խմբակի անկարողությունը ապահովելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը:

Հայաստանում Ռուսաստանի իշխանություններից պահանջում ենք պաշտոնապես ներողություն խնդրել և բացատրություններ տալ այս անընդունելի միջադեպի կապակցությամբ, իսկ ՀՀ իրավապահ և դատական մարմիններից՝ համապատասխանաբար հետաքննել այս միջադեպը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- ասված է «Ժառանգության» տարածած հայտարարությունում: