Հայաստանին անկյուն են մղել. Սաակաշվիլի

Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 68-րդ նստաշրջանին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ելույթի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ղարաբաղյան հակամարտությանը: Սաակաշվիլին նշել է, որ նախկին խորհրդային հանրապետություններ Ուկրաինան,Մոլդովան, Հայաստանը, Ադրբեջանը ուժեղ ձեռնտու չեն Ռուսաստանին:

«Դուք կարծում եք՝ Պուտինը ցանկանում է, որ Հայաստանը հակամարտության մեջ գերազանցի՞ Ադրբեջանին: Ո՛չ: Դա Հայաստանը չափազանց ուժեղ և պոտենցիալ չափազանց անկախ կդարձնի: Թե՞ դուք կարծում եք, որ հակառակն է ճշմարիտ, որ Մոսկվան ցանկանում է՝ Բաքուն գերազանցի Երևանին: Ո՛չ: Ժամանակակից Ադրբեջանի ներկայիս վերելքը մղձավանջ է Ռուսաստանի առաջնորդների համար: Ո՛չ: Նրանք չեն ցանկանում, որ որևէ մեկը հաղթի, հենց հակամարտությունն է նրանց նպատակը, քանի որ ազգերին խոչընդոտում է անկախ լինել և արգելափակում է նրանց ինտեգրումը Եվրամիությանը», -ասել է Սաակաշվիլին` հավելելով, որ Եվրասիական միության գաղափարը Վլադիմիր Պուտինի կողմից ստեղծվել է որպես ԵՄ այլընտրանք և Պուտինի նախագահության նոր ժամկետի հիմնական նախագիծն է:

«Եվրասիական միությանը միանալը հեշտ է. չկան որևէ սոցիալական, քաղաքական կամ տնտեսական չափորոշիչներ: Գաղութ դառնալը շատ պարզ է: Միակ պահանջը պասիվություն և միջակություն լինելն է» -ասել է Վրաստանի նախագահը:

Նրա խոսքով՝ արևելաեվրոպական երկրները, որոնք ձգտում են միանալ ազատ և ժողովրդավարական ազգերի եվրոպական ընտանիք, առերսվում են մշտական ճնշումների և սպառնալիքների:

«Հայաստանին անկյուն են մղել, Մոլդովան շրջափակված է, Ուկրաինան հարձակման թիրախ է, Ադրբեջանն աննախադեպ ճնշման է ենթարկվում, և Վրաստանը օկուպացված է: Ինչո՞ւ. որովհետև հին կայսրությունը փորձում է վերականգնել իր նախկին սահմանները: Այս դեպքում սահման բառը ճիշտ չէ, քանի որ կայսրությունը՝ լինի դա Ռուսական կայսրությունը, Խորհրդային միությունը կամ Եվրասիական միությունը երբևէ սահմաններ չի ունեցել: Նա միայն սահմանային շրջաններ ունի», -ասել է Վրաստանի նախագահը:

Մեկնաբանել