Գևորգ Կոստանյանը` Գլխավոր դատախազի թեկնածու. ԱԺ մամուլի խոսնակ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովին է ներկայացրել զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանին թեկնածությունը` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում: Այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:

Նա նշեց, որ հարցը կքննարկվի առաջիկա քառօրյայում, որը մեկնարկում է սեպտեմբերի 30-ին:

Համաձայն Սահմանադրության՝ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածությունն առաջարկում է ՀՀ նախագահը, իսկ Ազգային ժողովը ընտրում է փակ, գաղտնի քվեարկությամբ:

Սեպտեմբերի 13-ին լրացել էր գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման 6 տարին:

Գևորգ Սուրիկի Կոստանյանը ծնվել է Երևանում, 36 տարեկան է: 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը գերազանցությամբ: 2002թ. ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, դոցենտ է: Ատենախոսության թեման` «ՀՀ Ազգային ժողովի սահմանադրաիրավական կարգավիճակը»: 2006-ից ուսումնառություն է անցել Մեժ Բրիտանիայի Նոտինգեմի համալսարանում:

1995թ-ից աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու:

01.06.2001թ. նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնում: 15.01.2003-ից մինչև 13.05.2004թ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում, ապա` մինչև 14.03.2006թ., կրկին զբաղեցրել է նախարարի խորհրդականի պաշտոնը: 14.03.2006թ. մինչև 02.07.2008թ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, ապա նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնում:

18.02.2004թ-ից մինչ այժմ հանդիսանում է ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

02.07.2008թ. հանդիսանում է ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը:

Ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի: Անկուսակցական է:  Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին: Մեկ տասնյակ գիտական հոդվածների և մենագրության հեղինակ է:

2011թ. հունվարից զբաղեցնում է զինդատախազի պաշտոնը: