KfW բանկի €40 մլն վարկը կուղղվի Հայաստանի էներգետիկ ոլորտին

Կառավարությունը սեպտեմբերի 26-ի իր նիստում Կենտրոնական բանկին տրամադրեց €40 մլն-ի պետական երաշխիքներ: Վերականգնման վարկերի բանկը (KfW) ՀՀ ԿԲ-ի հետ 2012թ. նոյեմբերի 13-ին կնքված «Վերականգնող էներգիայի աջակցություն» (երրորդ փուլ) ծրագրի շրջանակում €40 մլն է տրամադրել ԿԲ-ին:

KfW-ի և ՀՀ ԿԲ միջև կնքված պայմանագրի համաձայն` գերմանական բանկի կողմից վարկի տրամադրման համար նախապայման է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարի կողմից երաշխիքի տրամադրումը, ինչը դիտարկվում է նաև ՀՀ ԿԲ-ին տրամադրվելիք վարկի ապահովման միջոց:

Կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին, թե տնտեսության որ ոլորտ է նախատեսվում միջոցների ուղղումը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ KfW-ի վարկային միջոցները բանկային համակարգով ուղղվելու են էներգետիկ ոլորտի ֆինանսավորմանը:

Ըստ Ջավադյանի` հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, երբ բանկի €12 մլն վարկային միջոցները տնտեսություն ուղղվեցին մեկ տարվա ընթացքում, այս €40 մլն-ը կտեղաբաշխվի մեկուկես տարվա ընթացքում: ԿԲ նախագահը նշեց նաև, որ վարկի ստացման հետ կապված ընթացակարգային հարցերի լուծումից հետո KfW-ի վարկը կստացվի 2013թ. վերջին: Վարկերը բանկերի միջոցով հիմնականում կտրամադրվեն 2014թ.:

KfW-ն ֆինանսական տարբեր ծրագրերով Հայաստանի հետ համագործակցում է 1995-ից, իսկ բանկի ներկայացուցչությունը Հայաստանում գործում է 1998-ից: Մինչ օրս KfW-ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է €250 մլն: