Վրացիները որպես հաջորդ նախագահ ցանկանում են տեսնել Մարղվելաշվիլիին. NDI-ի հարցում

Վրացիների 39%-ը ցանկանում է Վրաստանի հաջորդ նախագահ տեսնել իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու, կրթության և գիտության նախկին նախարար Գեորգի Մարղվելաշվիլիին: Այս մասին են վկայում ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) պատվերով անցկացված հարցման այսօր՝ սեպտեմբերի 26-ին հրապարկված արդյունքները, հաղորդում է վրացական civil.ge-ն:

Երկրոդ տեղում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Ազգային միասնական շարժումի» ներկայացուցիչ, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեն է՝ 18%-ով: Առաջատար եռյակը եզրափակում է խորհրդարանի նախկին խոսնակ «Ժողովրդավարական շարժում-միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:

Լեյբորիստական կուսակցության առջնորդ Շալվա Նաթելաշվիլին և «Քրիստոնեա-դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Գեորգի Թարգամաձեին որպես նախագահ ցանկանում է տեսնել հարցման մասնակիցների 3-ական տոկոսը: Մյուս բոլոր թեկնածուների օգտին կքվեարկեր հարցման մասնակիցների 4%-ը, ևս 4%-ը իր ձայնը որևէ մեկի չի տա:
Վրաստանում հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններին գրանցվել է 23 թեկնածու:

Այսօր հրապարկված արդյունքները, որոնք առավել լայն հարցման մի մասն են, վկայում են, որ վրացիների 31%-ը ընտրությունների երկրորդ փուլ է կանխատեսում: Եվս 31%-ի կարծիքով՝ երկրորդ փուլ չի լինի, իսկ 19%-ը նշել է, որ չի կարողանում այս հարցում կողմնորոշվել:

Եթե առաջին փուլում թեկնածուներից որևէ մեկը չկարողանա ստանալ ձայների 50%-ից ավելին, երկու շաբաթ հետո կանցկացվի երկրորդ փուլը, որին կմասնակցեն առավել շատ թվով ձայներ ստացած երկու թեկնածուները:

Հարցման մասնակիցների 49%-ը ի պատասխան հարցին՝ ո՞ւմ օգտին կքվեարկեիք երկրորդ փուլում տվել է Մարղվելաշվիլիի անունը, 24%-ը՝ Բաքրաձեի:

Այս ցուցանիշները հաշվարկված են հարցված այն 73%-ի պատասխանների հիման վրա, որոնք մտադիր են մասնակցել ընտրություններին:

Վրացիների մեծ մասը՝ 42%-ը, ամենահզոր ընդդիմադիր քաղաքական ուժ է համարում «Ազգային միասնական շարժում կուսակցությունը»: Հարցման մասնակիցների 5%-ը «Վրացական երազանքը» շարունակում է համարել ընդդիմադիր կուսակցություն: