Taraf-ը՝ Էրդողան-Գյուլ հակասությունների մասին

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ ԱՄՆ-ում արած այն հայտարարությունը, թե ինքը հպարտ է, որ Թուրքիայում եղել են Գեզիի նման ցույցեր, «լուրջ անհանգստություն» է առաջացրել կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում, գրում է Taraf-ը:

Թերթն անդրադառնում է նախագահ Գյուլի և վարչապետ Էրդողանի միջև եղած հակասություններին՝ գրելով, որ նրանց միջև հայացքների տարբերությունը դրսևորևվել է բազմաթիվ հարցերում: Այդպես է եղել նախագահի լիազորությունների ժամկետի, նոր սահմանադրության, իշխանության տարանջատման, ձերբակալված պատգամավորների հարցերի պարագայում, ինչպես նաև ֆինանսական բարձրագույն խորհրդի և սպորտի վերաբերյալ օրենքների փոփոխության հարցերը քննարկելիս: Նախագահն ու վարչապետը տարբեր դիրքորոշումներ ունեն նաև «Հրաշալի հարյուրամյակ» թուրքական սերիալի վերաբերյալ, որը խիստ քննադատության է ենթարկել Էրդողանը, գրում է Taraf-ը:

Ըստ թուրքական պարբերականի՝ Գյուլի և Էրդողանի միջև տարաձայնություններ են ծագել նաև Գեզիի ցույցերի ժամանակ: Ի տարբերություն Գյուլի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Գեզիի դեպքերն ընկալում է որպես կուսակցության դեմ ուղղված ապստամբություն, որը նպատակ ուներ տապալել Էրդողանի կառավարությունը և վայելում էր դրսի ուժերի աջակցությունը: Ուստի Գյուլի նյույորքյան հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջացրել կուսակցության ներսում, և կուլիսներում բացահայտորեն խոսում են Էրդողան-Գյուլ տարաձայնությունների մասին: Մասնավորապես՝ ԱԶԿ-ի ներսում խոսում են այն մասին, որ Գյուլն այս կարգի հայտարարություններով մեկ նպատակ է հետապնդում՝ ցանկանում է պահպանել Թուրքիայի նախագահի պաշտոնը, գրում է թուրքական թերթը:

Թուրքիայում նախագահական ընտրությունները նախատեսված են 2014թ.: Երկրի նախագահն առաջին անգամ ոչ թե կնշանակվի, այլ կընտրվի քաղաքացիների ուղիղ քվեարկությամբ: «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Էրդողանը ցանկանում է լինել Թուրքիայի առաջին ընտրված նախագահը:

Մեկնաբանել