Երևանի ջէկ-ում ջուր-ածխային վառելիքով էլէներգիայի արտադրության համար Վարդենիսից Երևան պետք է տեղափոխվի օրական 35 վագոն քարածուխ։
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը դեռ 2011թ. դեկտեմբերին խոստանում էր, որ 2012թ. առաջին եռամսյակի վերջին «Երևանի ջէկի» երկու հին էներգաբլոկներում (յուրաքանչյուրը՝ 50 Մվ հզորությամբ) կսկսվի էլեկտրաէներգիայի արտադրություն՝ ղարաբաղյան քարածխով։ Նախարարն այժմ նոր ժամկետ է նշում՝ այս տարի։
Սեպտեմբերի 26-ի կառավարության նիստից հետո լրագրողների հարցին, թե երբ է նախատեսվում Երևանի ջէկ-ում ջուր-ածխային վառելիքի տեխնոլոգիայով էներգաբլոկների գործարկումը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ դրանք կգործարկվեն շուտով։ Հիշեցմանը, որ էներգաբլոկների շահագործումը պետք է տեղի ունենար դեռ 2012-ին, նախարարն արձագանքեց՝ «ոչ թե անցած տարի, այլ այս տարի»։
ՍիվիլՆեթի աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանի ջէկ-ում էլեկտրաէներգիայի արտադրության նոր տեխնոլոգիայի ներդրման գործընթացը բավական դանդաղ է ընթանում. չի բացառվում, որ այն անգամ չգործարկվի։
Հիմնական խնդիրն այն է, որ սկզբնական փուլում էներգաբլոկների վերազինումն իրականացվել է տեղացի մասնագետների կողմից, որոնք քաջատեղյակ չեն ջուր-ածխային վառելիքով էլեկտրաէներգիայի արտադրության կազմակերպման տեխնոլոգիային։ Այս տեխնոլոգիան, որը մասնագիտական գնահատականներով զգալի ներդրումներ է ենթադրում, լայնորեն կիրառվում է Չինաստանում։ Չինացի մասնագետներ միայն վերջերս են հրավիրվել Երևան, սակայն նրանք նույնպես չեն կարողանում ապահովել տեխնոլոգիական գործընթացի ամբողջական ներդրումը։
Էլեկտրաէներգիայի արտադրության այս եղանակը ենթադրում է քարածխի մանրացում՝ մինչև փոշու մակարդակի, որը խառնվում է ջրի հետ ու ճնշման տակ մղվում այրման կաթսա։ Ի տարբերություն չոր քարածխի կամ մազութի՝ ջուր-ածխային վառելիքն էկոլոգիապես շատ ավելի մաքուր է, սակայն չափազանց պայթյունավտանգ, ինչն անվտանգ շահագործման լուրջ պայմաններ է ենթադրում։
Ուշագրավ է, որ այս նախագծի շրջանակում 2012թ. փետրվարին կառավարությունը «Հանա Տրանս» ընկերությանը (պատկանում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի զարմիկ Նարեկ Սարգսյանին) որոշել էր հարկային արտոնություն տրամադրել՝ 40 SCANIA ինքնաթափ ավտոմեքենաների ձեռքբերման համար երեք տարով հետաձգելով Դ1,9 մլրդ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումը։ Հենց այս ընկերությունը պետք էր ապահովեր Լեռնային Ղարաբաղի Մաղավուզի հանքավայրից քարածխի տեղափոխումը Վարդենիսի երկաթուղային կայարան, որտեղից էլ երկաթուղով այն պետք է հասներ Երևան։
Հասկանալի է, որ Երևանի ջէկ-ում նոր տեխնոլոգիայով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրի ձախողման դեպքում այս ընկերությունը չի կարողանալու իրականացնել հարկային իր պարտավորությունները և չի վճարելու ԱԱՀ-ն։
Երևանի ջէկ-ում էլեկտրաէներգիայի արտադրության համար օրական կպահանջվի մոտ 2 հազ. տոննա ածուխ։ Սա նշանակում է, որ երկաթուղով Վարդենիսից Երևան օրական պետք է տեղափոխվի 35 վագոն քարածուխ։ Մաղավուզի քարածխի հանքավայրը շահագործող «Էներգիա պլյուս» ընկերությունն արդեն հետախուզել է 30 հա տարածք, հաստատվել է մոտ 4 մլն տոննա քարածխի պաշար։ Հանքավայրի ողջ տարածքը կազմում է 14 քկմ։ Հաստատված պաշարները կբավարարեն «Երևանի ջէկի» երկու էներգաբլոկների 5,5 տարի անընդմեջ շահագործմանը։