Կառավարությունը ցանկանում է զարկ տալ շինարարությանն օտարերկրացիների միջոցով

Կառավարությունը ցանկանում է շինարարության ոլորտում ճգնաժամային 2009-ից պահպանվող անկումը կանխել օրենսդրական մակարդակով։ Սեպտեմբերի 26-ի կառավարության նիստին հավանություն տրվեց «Օտարերկրացիների մասին», «Պետական տուրքի մասին» և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու փաթեթին։

Օրենդրական փոփոխություններով կառավարությունը ցանկանում է օտարերկրացուն Հայաստանում տրամադրել մշտական կացության կարգավիճակ, եթե նա էսքրոու հաշվի միջոցով և նոտարի կողմից վավերացված գործարքով ձեռք է բերել առնվազն 40 մլն դրամի անշարժ գույք:

Ներկայում գործող օրենսդրությունով սահմանված հիմքերը բավարար չեն օտարերկրացիների հոսքը Հայաստան խրախուսելու և վերջիններիս կողմից ներդրումների իրականացմանը նպաստելու համար: Բացի այդ, ներկայում օտարերկրացուն մշտական կացության կարգավիճակ տրամադրվում է 5 տարով՝ յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: Կառավարությունն առաջարկում է օրենսդրորեն այդ ժամկետը փոփոխել` սահմանելով 10 տարի։

Անդրադառնալով օրենսդրական փաթեթին` վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստին ասաց, որ սա շինարարության ոլորտը խթանելու ծրագրի բաղկացուցիչ մասն է։

«2013թ. ցուցանիշները, որոնք հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը, վկայում են, որ շինարարության ոլորտում դեռևս մտահոգիչ գործընթացներ կան: Մասնավորապես, այս պահին արձանագրել ենք ոլորտի 8,5%-անոց անկում, և տնտեսական աճի հիմնական շարժիչները գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունն են, որտեղ աճի տեմպերը մեզ բավարարում են»,- ասաց վարչապետը` հավելելով, թե շինարարությունը ճգնաժամից հետո շարունակում է իր անկման միտումը, ինչը, առաջին հերթին, պայմանավորված է նրանով, որ էլիտար բնակարանների պահանջարկը նվազել է: Մյուս կողմից` պահանջարկ կա էկոնոմ դասի բնակարանների նկատմամբ, բայց առաջարկը մեծ չէ:

«Եթե օտարերկրացիները Հայաստանում բնակարան են ձեռք բերում, մենք նրանց համար կարճ ժամկետում ստեղծում ենք հարմարավետ միջավայր, որպեսզի այդ մարդիկ վստահ լինեն, որ արագորեն կստանան կացության վկայական և երկիր մուտք գործելու որևէ խնդիր չեն ունենա: Միջազգային փորձն էլ վկայում է, որ անշարժ գույքի ձեռքբերումը և կացության վկայականը միասին տալու դեպքում ավելի հարմարավետ պայմաններ են ստեղծվում համանման գործարքներին մասնակցելու համար»,- ասել է վարչապետը:

Մեկնաբանել