Թուրքիան զրահատեխնիկա է տեղափոխում սիրիական սահման

Թուրքիան ռազմական տեխնիկա է տեղափոխել Սիրիային սահմանակից Ուրֆա շրջան, հաղորդում է Zaman-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝  այս քայլը նպատակ ունի ապահովել սահմանային շրջանի անվտանգությունը, քանի որ Սիրիայի հյուսիսային Ռաս ուլ Այն քաղաքի շրջակայքում թեժ մարտեր են ընթանում: Թե կոնկրետ ինչ տեխնիկայի մասին է խոսքը, չի հաղորդվում:

Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում բնակվող քրդերի և Սիրիայի ընդդիմադիր արմատական «Ալ Նուսրա» ճակատի միջև թեժ մարտեր են ընթանում: Քրդական Firat գործակալությունը հաղորդում է, որ սիրիական սահման ռազմական տեխնիկայի տեղափոխումը պատահական չէ,  քանի որ վերջին օրերին քրդերին հաջողվել է պարտության մատնել «Ալ Նուսրայի» ջոկատներին և նրանց դուրս մղել 4 գյուղերից: Այս մարտերում քրդերին հաջողվել է ոչնչացնել «Ալ Նուսրայի» բազում զինյալների:

Քրդերը պնդում են, որ Անկարան, որն անհանգստացած է Սիրիայում քրդերի ակտիվացումից, օժանդակում է «Ալ Կաիդայի» հետ սերտ առնչություններ ունեցող «Ալ Նուսրա» ծայրահեղական խմբավորմանը: