Մենք Սիրիայում ոչ մեկի հետ «ամուսնացած» չենք․ Լավրով

Ամերիկյան Washington Post պարբերականին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հստակեցրել է՝ Ռուսաստանը մտադիր է հետևել, որ պահպանվի Սիրիայի միասնականությունը, սակայն չի պնդում, որ նախագահ Բաշար ալ Ասադը հետագայում իշխանության մնա։

«Մենք Սիրիայում ոչ մեկի հետ «ամուսնացած» չենք։ Մեզ չի անհանգստացնում որևէ մեկի անձը։ Մենք ցանկանում ենք, որ Սիրիան մնա միասնական, տարածքայնորեն ամբողջական, սուվերեն, անկախ և աշխարհիկ [երկիր], որտեղ լիովին հարգվում են բոլոր խմբերի՝ էթնիկ և այլ, իրավունքները։ Այս է նպատակը, որը, հավատում եմ՝ հետապնդում է նաև ԱՄՆ-ը։ Որքան շատ մենք փորձենք ընդհանուր մոտեցում փնտրել այս նպատակին հասնելու համար, այնքան ավելի արդյունավետ կլինի մեր համագործակցությունը»,- ասել է Լավրովը։

Նա նաև ասել է, թե Ռուսաստանը վստահ է, որ Դամասկոսում ու Հալեպում օգտագործված զարին նյարդապարալիտիկ նյութի նմուշները նույնն են։ Ընդ որում՝ նա նշել է, որ ռուս փորձագետների կարծիքով՝ երկու դեպքում էլ զարինը պատրաստված է եղել տնայնագործական եղանակով։

«Գլխավոր եզրակացությունն այն է, որ այդ դեպքում [Հալեպում մարտի 19-ին] օգտագործված զարինի տեսակը տնային պայմաններում է պատրաստված, և մենք նաև ունենք ապացույցներ, որ զարինը, որը կիրառվել է օգոստոսի 21-ին [Դամասկոսի Ղուտա արվարձանում], նույնն է եղել, սակայն ավելի մեծ խտության»,- ասել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարը ևս մեկ անգամ նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները վստահ են՝ քիմիական զենքը Սիրիայում բոլոր դեպքերում օգտագործել են ապստամբները։

«Ես հենց նոր մի շարք ապացույցներ եմ ներկայացրել [ԱՄՆ-ի պետքարտուղար] Ջոն Քերիին մեր հանդիպման ընթացքում՝ մի քանի ժամ առաջ։ Դրանք ինչ-որ հեղափոխական ապացույցներ չեն և հասանելի են ինտերնետում։ Դրանք քիմիական հարձակումների տեղում եղած և ապստամբների հետ զրուցած լրագրողների հաղորդումներ են»,- ասել է Լավրովը։

Խոսելով այս տարվա մարտի 19-ին Հալեպում հնարավոր քիմիական հարձակման մասին՝ Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ այդ ժամանակ Սիրիայի կառավարության՝ հետաքննություն իրականացնելու համար տեսուչներ ուղարկելու խնդրանքին ՄԱԿ-ը «Անվտանգության խորհրդի մի շարք անդամների ճնշման ներքո» չպատասխանեց։ «Իսկ Ռուսաստանը Սիրիայի կառավարության խնդրանքով իրականացրեց սեփական հետաքննությունը, և դրա արդյունքները լայնորեն հասանելի են Անվտանգության խորհրդին և հանրությանը»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի փորձագետները նախօրեին վերադարձել են Սիրիա՝ շարունակելու քիմիական զենքի կիրառման հետաքննությունը։ Այժմ ստուգումներ են անցկացվելու Հալեպ և Հոմս քաղաքներում, որոնցում ենթադրաբար նույնպես տեղի է ունեցել քիմիական հարձակում։

ՄԱԿ-ի տեսուչների խումբն ավելի վաղ ուսումնասիրել էր Դամասկոսի արևելյան արվարձանում՝ Ղուտայում, օգոստոսի 21-ին քիմիական հարձակման հանգամանքները և եզրահանգել էր, որ այնտեղ զարին է օգտագործվել։

ՄԱԿ-ի ներկայացրած զեկույցում, սակայն, չէր նշվել, թե 2011թ․ մարտից շարունակվող սիրիական հակամարտության կոնկրետ որ կողմն է քիմիական զենք կիրառել․ ՄԱԿ-ի փորձագետները բացահայտում են միայն քիմիական նյութերի կիրառման փաստերը, սակայն չեն սահմանում, թե կոնկրետ ով է կիրառել այդ նյութերը։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը եռօրյա բանակցությունների արդյունքում սեպտեմբերի 14-ին համաձայնության էին եկել սիրիական քիմիական զենքի պաշարները մինչև 2014թ․ կեսը ոչնչացնելու շուրջ։

Սիրիայի իշխանություններն ավելի ուշ Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն էին փոխանցել իրենց քիմիական զինանոցի վերաբերյալ տվյալները՝ համապատասխան ռուս-ամերիկյան պայմանավորվածության։