«Հյուսիս-հարավի» բետոնի որակը կրկին կուսումնասիրեն

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ՝ ԱԶԲ-ի «Հյուսիս-հարավ» ծրագրի Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Պրիանկա Սենեվիրանտեի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում են տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում ԱԶԲ-ի ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանին են ներկայացրել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկայիս ընթացքի վերաբերյալ միջազգային աուդիտորի կատարած նախնական ուսումնասիրության արդյունքները, հիմնական խնդիրներն ու դրանց հետ կապված մտահոգությունները: 

Մասնավորապես, միջազգային աուդիտոր Սեմ Գուպտան նշել է, որ հիմնական խնդիրները կապված են աշխատանքների ավարտման ժամկետի և բետոնի որակի հետ: Նրա խոսքով՝ որոշ մտահոգություններ կան բետոնի խառնուրդում խոնավության քանակի հետ, ինչը կրկին պետք է ուսումնասիրվի: 

Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել իրականացված աշխատանքների համար՝ նշելով, որ դրանք գրեթե համապատասխանում են նախարարության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներին: 

Պրիանկա Սենեվիրանտեն տեղեկացրել է, որ ծրագրի հարավային մասի` Արտաշատ-Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության, նախնական նախագծման և մոտ 60 կմ հատվածի մանրամասն նախագծման, ինչպես նաև Տրանշ 3-ի շրջանակում ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվելիք աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ընտրության մեխանիզմները հավանություն են ստացել ԱԶԲ-ի կողմից:  Կառավարման խորհրդին ներկայացնելուց հետո հոկտեմբերի սկզբին կհայտարարվի միջազգային մրցույթ: 

Գագիկ Բեգլարյանը նշել է, որ ԱԶԲ-ի հետ երկար ժամանակ քննարկվող խնդիրների մեծ մասն արդեն լուծվում են: 

Հանդիպմանը Պրիանկա Սենեվիրանտեն խնդրել է նախարարության աջակցությունը՝ կապված հողերի օտարման գործընթացի արագացման հետ, նշել է, որ այդ խնդիրը խոչընդոտներ է առաջացնում Երրորդ տրանշի շինարարության մեկնարկի համար: 

Նախարարն ընդգծել է, որ հողերի օտարման գործընթացում կան դժվարություններ, քանի որ գործ ունեն բնակիչների հետ, սակայն վստահեցրել է, որ նախարարությունն ամեն ինչ կանի այն արագացնելու համար: 

Հանդիպման ավարտին Պրիանկա Սենեվիրանտեն տեղեկացրել է, որ առաջիկա օրերին ուսումնասիրություններ են կատարվելու բետոնի պատրաստման համար օգտագործվող հումքի քարհանքերում և այն գործարաններում, որտեղ պատրաստվում է բետոնը:

«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի (երկարությունը 556 կմ) կառուցումը պետք է ավարտվի մինչև 2017թ. վերջ։ Արդյունքում Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհը կկապվի Վրաստանի «Հարավային ճանապարհային միջանցքին»՝ հասնելով մինչև Փոթի և Բաթումի նավահանգիստներ: Ծրագրի ընդհանուր բյուջեն $962 մլն է, որից $500 մլն-ը ԱԶԲ-ի վարկային միջոցներն են։ Դրանք հատկացվել են 32 տարով ժամկետով, որից 8 տարին՝ արտոնյալ (արտոնյալ ժամկետում տարեկան տոկոսադրույքը կկազմի 1%, ապա՝ 1,5%)։ Հայաստանի կառավարությունը ստանձնել է $462 մլն-ի համաֆինանսավորման պարտավորություն, որից $177 մլն-ը հարկերի տեսքով, $285 մլն-ը՝ ուղղակի ֆինանսավորման։ 

«Հյուսիս-հարավի» մասին տես նաև այստեղ: