Հայաստանում մեկնարկել է «Թոփ քլաս» երրորդ ծրագիրը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի շրջանակում սեպտեմբերի 26-ին մեկնարկել է «Թոփ քլաս» (Top Class) երրորդ ծրագիրը՝ աճի ներուժ ունեցող ձեռնարկատերերի և ղեկավարների համար, ասված է «Ի-Դի-Էմ-Սի»-ի տարածած հաղորդագրությունում:

«Թոփ քլաս» ծրագիրը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու հայ և օտարերկրյա փորձագետների և հաջողության հասած ձեռներեցների կողմից անցկացվող ինտերակտիվ դասընթացների, ինչպես նաև տեղական և միջազգային միջոցառումների և համաժողովների` հաստատելու նոր գործնական կապեր: Մասնակիցները ստանում են նաև թիրախային ուղղորդում բիզնեսի փորձառու ղեկավարների կողմից և ծանոթանում են պոտենցիալ ներդրողների հետ:

Ծրագիրն իրականացվում է Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոնի (CEED-Center for Entrepreneurship and Executive Development) կողմից և հասանելի է CEED ցանցի 14 երկրների կենտրոններից մեծ մասում:

«Թոփ քլաս» երրորդ ծրագրի առաջին դասընթացը վարել է ԱՄՆ-ում գործող «ԱյքոնԷփս» (IconApps) ընկերության համահիմնադիր, խորհրդի նախագահ և փորձառու ձեռնարկատեր Ալ Եսայանը, որը ներկայացրել է բազմաթիվ ընկերությունների կառավարման իր քսանամյա փորձը:

Առաջին երկու «Թոփ քլաս» ծրագրերի (2012-2013թթ.) դասընթացները վարել են բիզնեսի այնպիսի առաջնակարգ ղեկավարներ, ինչպիսիք են Ռալֆ Յիրիկյանը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենը, Ռոջեր Սթրաուքը՝ Կալիֆորնիայի Բերքլի քաղաքում գտնվող «Ռոդա Գրուփ» ներդրոմային ընկերության նախագահը և Ռիչ Գոլդմանը՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը: Ծրագրի թեմաները եղել են բազմազան՝ բիզնեսի աճից, մարքեթինգից ու բրենդինգից մինչև ֆինանսական կառավարում և կապիտալի աճ:

«Թոփ քլաս» ծրագրի շրջանակում մասնակիցները ոչ միայն կատարելագործում են իրենց հմտությունները բիզնեսին առնչվող հիմքային թեմաների ուղղությամբ, այլ նաև ձեռք են բերում գործարար կապերի հաստատման և առաջատար ձեռնարկատերերից անհատական խորհրդատվություն ստանալու հնարավորություններ: «Թոփ քլաս» երրորդ ծրագիրն առանձնանում է մենթորների առավել լայն ցանկով, վերանայված դասընթացների ցանկով, ինչպես նաև արտասահմանյան գործարար կապերի հաստատման նոր հնարավորություններով:

«Ի-Դի-Էմ-Սի»-ն CEED-ին Հայաստան է հրավիրել որպես առանցքային գործընկերոջ՝ ձեռներեցների վերապատրաստման և խորհրդատվության համար: «Ի-Դի-Էմ-Սի»-ի շրջանակում CEED-ը հովանավորում է ձեռներեցների վերապատրաստումներ և աջակցում ներդրողների հետ կապերի հաստատման հարցում՝ նպատակ ունենալով խորացնել նրանց ձեռնարկատիրական գիտելիքները և նորարարության փորձը «Ի-Դի-Էմ-Սի»-ի թիրախային ոլորտներում, որոնք են բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը, պտուղ-բանջարեղենի վերամշակումն ու զբոսաշրջությունը:

Մեկնաբանել