Կայացել է «Հյուսիս-հարավ» միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ ի գիտություն է ընդունել նախորդ հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այնուհետև խորհուրդն անդրադարձել է Տրանշ 1-ի և 2-ի շինարարական աշխատանքներին խոչընդոտող գովազդային վահանակների ապամոնտաժման հարցերին: Վարչապետը հանձնարարել է լրացուցիչ քննարկել ներկայացված խնդիրները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Այնուհետև խորհրդին մանրամասներ են զեկուցվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3 Թալին-Գյումրի ճանապարհահատվածի նախագծի հատուկ համալիրը փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ:

Խորհուրդն ի գիտություն է ընդունել «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում ծրագրի ներկայացուցիչներից կազմված մասնագիտական խմբի Վրաստան կատարած այցի արդյունքները:

Մեկնաբանել