Ինչպես էր Եվրոպան պատրաստվում Հայաստանի հետ ազատ առևտրին

Նիդեռլանդական ECORYS խորհրդատվականհետազաոտական ընկերությունը և լեհական Սոցիալական և տնտեսական հետազոտությունների կենտրոնը (CASE – Center for Social and Economic Research) Եվրոպական հանձնաժողովի պատվերով 210-էջանոց զեկույց են պատրաստել, որը կոչվում է «Առևտրի կայունության ազդեցության գնահատում՝ ԵՄի և Հայաստանի միջև ԽՀԱԱԳի [Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի] շուրջ բանակցություններին աջակցելու նպատակով» (Trade Sustainability Impact Assessment in support of negotiations of a DCFTA between the EU and the Republic of Armenia): Զեկույցի վերջնական նախագիծը հրապարակվել էր հուլիսի 3-ին, և ընդհանուր խնդիրներից բացի՝ կոնկրետ գործնական առաջարկություններ էր պարունակում ԵՄ-Հայաստան ազատ առևտրի վերաբերյալ: Զեկույցից որոշ հատվածներ ներկայացված են ստորև:

Հետազոտության նպատակն է «գնահատել, թե ինչպես առևտուրը և առևտրին առնչվող դրույթները, որոնք ընդգրկված են բանակցություններում, կազդեն Հայաստանի և Եվրամիության տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրների վրա (ինչպես նաև այլ առնչվող երկրների, մասնավորապես հարևան զարգացող երկրների վրա)»։ «Ավելին, այն կառաջարկի միջոցառումներ (առևտրային և ոչ առևտրային-այսպես կոչված «սահմանից դուրս» առաջացած խնդիրներ), ԽՀԱԱԳ-ից ակնկալվող օգուտները առավելագույնի հասցնելու և հնարավոր բացասական հետևանքները կանխելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով։ Այն կներառի նաև Թուրքիա-ԵՄ մաքսային միությանն առնչվող հղում և կգնահատի վերջինիս գործունեության վրա ԽՀԱԱԳ-ի ազդեցությունը»,- նշված է զեկույցում։

Զեկույցը ներառում է նաև ԽՀԱԱԳ-ի ընդհանուր տնտեսական, սոցիալական և բնապահպանական ազդեցությունների վերլուծությունը։

ԽՀԱԱԳ սցենարի սահմանում

«Քանակական սցենարը, որը կիրառվում է ԽՀԱԱԳ-ից ակնկալվող հավանական արդյունքները ուրվագծելու նպատակով, հետևյալն է։ Առաջին, մենք ենթադրում ենք Հայաստանի և ԵՄ միջև կիրառվող մաքսատուրքերի 100%-ով ազատականացում։ Երկրորդ, մենք ենթադրում ենք ծառայությունների ոչ-սակագնային միջոցների միջինը 15% ազատականացում. սա իրենից ներկայացնում է ծառայությունների ամբողջ ոլորտի 7% պարզ միջինը (էականորեն ամրագրելով ծառայությունների ոլորտում գոյություն ունեցող պարտավորությունները) և կապի ոլորտի 95% ազատականացումը։ Ավելին՝ մենք մշակում ենք սանիտարական և բուսասանիտարական միջոցներին և առևտրի տեխնիկական խոչընդոտներին առնչվող կանոնակարգերի սահմանափակ կամ հավակնոտ մոտարկման մոդել՝ ելնելով կոնկրետ ոլորտի առանձնահատկություններից։ Ենթադրվում է նաև, որ ԽՀԱԱԳ-ը կհանգեցնի առևտրի լրացուցիչ դյուրացման և ավելի կհեշտացնի հայկական ծագման ապրանքների մուտքը երրորդ երկրների շուկա, եթե կանոնակարգերի մոտարկումը ավելի շոշափելի դառնա (25% մոտարկում ԵՄ մակարդակին)», – ասված է զեկույցում:

ԵՄՀայաստան ԽՀԱԱԳից ակնկալվող տնտեսական հետևանքները

Ընդհանուր մակրոտնտեսական հետևանքներ

Ընդհանուր մակրո-տնտեսական հետևանքների տեսանկյունից, ըստ զեկույցի, ակնկալվում է, որ թե՛ Հայաստանը և թե՛ ԵՄ-ն օգուտ կքաղեն ԽՀԱԱԳ-ից. երկարաժամկետ հատվածում ազգային եկամտի ակնկալվող աճը գնահատվում է 74 մլն եվրո՝ ԵՄ-ի, և գրեթե կրկնակին՝ 146 մլն եվրո, Հայաստանի համար։ Հաշվի առնելով տնտեսությունների չափերը, ԵՄ օգուտը՝ տոկոսային արտահայտությամբ, չնչին է, մինչդեռ Հայաստանի համար ակնկալվում է ՀՆԱ-ի 2.3% աճ։

Առևտրի վրա ԽՀԱԱԳ ազդեցության տեսանկյունից, Հայաստանի արտահանման վրա դրա ազդեցությունը նշանակալից է՝ երկարաժամկետ հատվածում նպաստելով արտահանման ծավալների՝ 15.2% և ներմուծման 8.2% աճի, դրանով իսկ, հարաբերական առումով, բարելավելով Հայաստանի առևտրային հաշվեկշիռը։

Ակնկալվում է, որ աշխատավարձերը կբարձրանան 2.6%-ով, մինչդեռ սպառողական գները փոքր-ինչ կնվազեն՝ այսպիսով հանգեցնելով տնօրինվող եկամտի էական ավելացման։ ԵՄ համար առևտրի, աշխատավարձերի և գների վրա ազդեցությունը չնչին է։

Փոփոխությունը առևտրում՝ ըստ ոլորտների

Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ, տոկոսային առումով, ամենամեծ աճը գրանցվում է մանածագործական արտադրանքի և մեքենաների ու սարքավորումների ոլորտներում։

Ակնկալվում է, որ Հայաստանի արտահանումը ԵՄ կընդլայնվի, բացարձակ առումով, հատկապես հիմնային մետաղների, արտադրության այլ տեսակների, օդային տրանսպորտի, այլ տրանսպորտի, ինչպես նաև բիզնես և ՏՀՏ ծառայությունների ոլորտներում։

Ակնկալվում է, որ ԵՄ արտահանումը Հայաստան կաճի բոլոր ոլորտներում։ Տոկոսային առումով ամենամեծ աճը կգրանցվի սննդամթերքի ոլորտում, որտեղ բազային սակագները բարձր են, իսկ արտահանման բազային մակարդակը՝ ցածր։

ԵՄ-Հայաստան ԽՀԱԱԳ-ի սոցիալական ոլորտում և մարդու իրավունքների վրա ունենալիք ազդեցությունները

Հարաբերական գների և աշխատավարձերի փոփոխությունները ԽՀԱԱԳ-ի սոցիալական հետևանքների հիմնական շարժիչ գործոններից են, քանի որ դրանք հանգեցնում են տնօրինվող եկամտի աճի և աղքատության մակարդակի նվազեցման։ Գների միջին մակարդակի ակնկալվող անկումը՝ զուգորդված աշխատավարձերի բարձրացմամբ, ենթադրվում է, որ կունենա, միջինում, դրական սոցիալական հետևանքներ։

Ըստ զեկույցի՝ ամենայն հավանականությամբ, ԽՀԱԱԳ-ը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը։ Միևնույն ժամանակ, աշխատանքի վերաբաշխումը ըստ ոլորտների դժվար կլինի, հատկապես այն խմբերի համար, որոնք ունեն սոցիալ-տնտեսական ավելի ցածր կարգավիճակ։ ԽՀԱԱԳ-ը կարող է նաև ոգևորել որոշ ուժերի, որոնք գործում են՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում իրավիճակը բարելավելու կամ վատթարացնելու ուղղությամբ։

ԵՄ- Հայաստան ԽՀԱԱԳ-ից սպասվող բնապահպանական ազդեցությունները

Երկիրը կանգնած է մի շարք բնապահպանական խնդիրների ու մարտահրավերների առջև, որոնց թվում են օդի, հողի և ջրի աղտոտվածությունը:

ԽՀԱԱԳ-ը Հայաստանի բնապահպանական զարգացումները ձևավորող ուժերից մեկն է։ Մասնավորապես, ԽՀԱԱԳ-ի բնապահպանական հետևանքները կարող են ավելի փոքր լինել՝ համեմատ Ասոցացման համաձայնագրի բնապահպանական դրույթներից բխող հետևանքների։ Ակնկալվում է, որ ԽՀԱԱԳ-ը կհանգեցնի բնապահպանական թե՛ դրական, թե՛բացասական հետևանքների, իսկ ընդհանուր ազդեցությունը դժվար է կանխատեսել։

Հազիվ թե ԽՀԱԱԳ-ը զգալիորեն փոխի միջազգային բնապահպանական համաձայնագրերը ավելի արդյունավետորեն իրականացնելու Հայաստանի խթանները՝ համեմատ այն խթանների, որոնք առնչվում են GSP+ ռեժիմի ներքո ներկայում գործող միակողմանի առևտրային արտոնություններին։ Այնուամենայնիվ, եթե ԽՀԱԱԳ-ի ազդեցությունները նյութականան, հավանական է, որ դրանք կլինեն դրական, այսինքն՝ ԽՀԱԱԳ-ը կարող է որոշակի չափով լրացուցիչ խրախուսել կոնվենցիաների կատարումը, որն իր հերթին աստիճանաբար կնպաստի երկրի առջև ծառացած խոշոր բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը։

Պատրաստել է Ստելլա Մեհրաբեկյանը

Մեկնաբանել