Քերին և Զարիֆը քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կետրոնակայանում տեղի են ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բարձր մակարդակի բանակցություններ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի հանդիպման շրջանակում, հաղորդում է BBC-ն:

Հանդիպմանը մասնակցել են նաև դիվանագետներ Չինաստանից, Ռուսաստանից, Մեծ Բրիատանիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից:

Կողմերը համաձայանության են եկել բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել հոկտեմբերի 15-ին Ժնևում:

Քերին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ չեղյալ հայտարարել Իրանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ չի ստացել նրա միջուկային ծրագրի մասին հստակ ու հաստատված տվյալներ: «Հաշվի առնելով, որ իրանցիները կոնկրետ քայլեր են ձեռնարկում, ես վստահ եմ, որ նրանք ԱՄՆ-ից պատասխան են ակնկալում հնարավոր է՝ այսօր առակա պատժամիջոցների ռեժիմի կարգավորման ձևով: ԱՄՆ-ը մտադիր չէ վերացնել պատժամիջոցները, քանի դեռ հստակ չի լինի, որ ընթանում է ստուգելի, հաշվետու և թափանցիկ գործընթաց, որը հնարավորություն կտա հստակ հասկանալ՝ ինչ է մտադիր անել Իրանն իր միջուկային ծրագրի հետ», -ասել է Քերին:

Այն, որ ԱՄՆ-ը չի դիտարկում Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հնարավորությունը հայտնի էր դարձել դեռ անցած շաբաթ: Այս մասին հայտարարել էին Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնստը և Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը: Նրանց խոսքով՝ Թեհրանի դիրքորոշման մեղմացումը հնարավոր է դարձել հենց պատժամիջոցների շնորհիվ, և ԱՄՆ-ը այս երկրին իշխանություններից ոչ թե հայտարարություններ, այլ կոնկրետ գործողություններ է ակնկալում:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, իր հերթին, ամերիկյան Washington Post պարբերականին սեպտեմբերի 25-ին տված հարցազրույցում ասել է, որ միջուկային խնդրի լուծումը կարող է իրանա-ամերիկյան հարաբերությունների բարելավման գործընթացում ելակետային դառնալ:

Ռոհանիի խոսքով՝ իր երկիրը պատրաստ է առավելագույն բաց լինել՝ համոզելու Արևմուտքին միջուկային ծրագրի խաղաղ լինելու հարցում:

Մեկնաբանել