ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկել է Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ բանաձևի նախագիծը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, այն արդեն քննարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստին։

Փաստաթղթի տեքստը Անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, համաձայնեցնում էին երկու շաբաթվա ընթացքում։

Բանաձևի նախագծի քվեարկությունը, ՄԱԿ-ի դիվանագետների խոսքով, հնարավոր է՝ տեղի ունենա սեպտեմբերի 27-ին՝ ավելի ուշ։

Ինչպես հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ բանաձևի նախագիծը չի ենթադրում ուժի կիրառում քիմիական զենքի ոչնչացման ընթացքում խախտումների դեպքում։

Նմանատիպ դեպքերում ռազմական ուժի կիրառումը թույլատրվում է ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխով։

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին պարզաբանել է, որ այս նախագիծը սկզբունքորեն համաձայնեցված է և լրամշակման կարիք ունի։

Հայտնի է դարձել, որ բանաձևի նախագիծը քննադատում է Սիրիայում քիմիական զենքի կիրառումը, սակայն մեղքը հակամարտության կողմերից ոչ մեկի վրա չի գցում։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են նաև Քիմիական զենքի արգելման քազմակերպության՝ սիրիական քիմիական զինանոցին վերաբերող որոշման նախագիծը։

Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր Սիրիայի քիմիական զենքի վերահսկողության ծրագրի իրագործման համար զինծառայողներ և ռազմական ոստիկաններ տրամադրելու պատրաստակամության մասին։

Համարվում է, որ Սիրիան ունի մոտ 1000 տ մարտական քիմիական նյութեր։

Սեպտեմբերին 14-ին Ռուսաստանն ու ԱՄՆ-ը եռօրյա բանակցությունների արդյունքում համաձայնության էին եկել սիրիական քիմիական զենքի պաշարները մինչև 2014թ․ կեսը ոչնչացնելու շուրջ։

Սիրիայի իշխանություններն ավելի ուշ Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն էին փոխանցել իրենց քիմիական զինանոցի վերաբերյալ տվյալները՝ համապատասխան ռուս-ամերիկյան պայմանավորվածության։

Մեկնաբանել