Էթիկայի հանձաժողովը հրաժարվել է քննել Գորիկ Հակոբյանի վարքը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը մերժել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» (ԹԻՀԿ) դիմումը` Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի կողմից էթիկայի կանոնների խախտումը բացահայտելու նպատակով վարույթ հարուցելու մասին: Ինչպես հաղորդում են ԹԻՀԿ մամուլի ծառայությունից, դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ նրանում բարձրացված հարցի համակողմանի ուսումնասիրության, տվյալ դրվագի բոլոր փաստական հանգամանքները հաշվի առնելու և վարույթ հարուցելու համար հանձնաժողովը պետք է ստանա նշված ակցիա անցկացնողների խմբի կամ նրանցից որևէ մեկի դիմումը:

«Չհամաձայնելով հանձնաժողովի դիրքորոշմանը՝ հարկ ենք համարում նկատել, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` հանձնաժողովը էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ վարույթ կարող է հարուցել որևէ անձի դիմումի հիման վրա, ինչը նշանակում է, որ վարույթ հարուցելու դիմում կարող են ներկայացնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:

Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ն ս.թ սեպտեմբերի 5-ին՝ ՀՀ կառավարության հերթական նիստի օրը, կառավարության շենքի դիմաց անցկացվող քաղաքացիների բողոքի հերթական ակցիայի ժամանակ, ակցիա անցկացնող ցուցարարներից մեկի աղաղակներին ի պատասխան, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն արձագանքել էր «Էշ ա, արա’, ի՞նչ ես գոռում, ա’յ ոչխար» արտահայտությամբ, ինչը ֆիքսել են որոշ լրատվամիջոցներ»,- ասված է կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել