Հարձակման են ենթարկվել «Նախախորհրդարանի» աջակիցները

«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության քարտուղարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` սեպտեմբերի 26-ին «Նախախորհրդարանի» աջակիցներ Սուրեն Գևորգյանը և Սահակ Պողոսյանը «հարձակման են ենթարկվել իրենց գաղափարական ընդդիմադիր կեցվածքի պատճառով»:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Իշխող վարչախմբին սպասարկող թաղի խուժանը, որը ընտրությունների ժամանակ իշխանության և ժողովրդի միջև հանցավոր միջնորդի դեր է կատարում և ընտրակաշառք բաժանում, այսօր արդեն իրեն հարիր մեթոդներով լծվել է «Նախախորհրդարանի» աջակիցների վրա հարձակում գործելու առաքելությանը` դրանով իսկ ծառայություն մատուցելով իր տերերին:

«Նախախորհրդարանի» աջակիցներ Սուրեն Գևորգյանը և Սահակ Պողոսյանը երեկ երեկոյան՝ սեպտեմբերի 26-ին, իրենց իսկ բակում, հարևանների ներկայությամբ հարձակման են ենթարկվել Հրաչ անունով քաղաքացու կողմից, իրենց գաղափարական ընդդիմադիր կեցվածքի և հատկապես, «Նախախորհրդարանի» աջակիցներ լինելու պատճառով, որի հետևանքով Սուրեն Գևորգյանը ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ: Արաբկիրի վարչական շրջանի ոստիկանություն բերման ենթարկվելուց և արդեն տուն վերադառնալուց հետո, Սուրեն Գևորգյանի զգացողությունը կտրուկ վատացել է, և նա հոսպիտալացվել է` անցնելով մի շարք բժշկական ստուգումներ: Նրա մոտ հայտնաբերվել է հարվածների արդյունքում ստացած ուղեղի հեմատոմա, բժիշկների ախտորոշմամբ՝ արյան զեղում: Սուրեն Գևորգյանն այժմ գտնվում է վերակենդանացման բաժնում, բժիշկների խիստ հսկողության տակ, և ըստ բուժող բժշկի, եթե մոտակա 72 ժամում վիճակի բարելավում տեղի չունենա, ապա վիրահատական միջամտության անհրաժեշտություն կզգացվի:

«Նախախորհրդարանը» հայտարարում է և զգուշացնում, որ նման մեթոդներով ոչ վարչախումբը և ոչ էլ նրա սպասարկուները չեն կարող կասեցնել ազգային ազատագրական անկասելի պայքարը: «Նախախորհրդարանը» և նրա աջակիցները երբեք չեն ընկրկելու և հասնելու են իրենց նպատակին` մեր ժողովրդի մասնակցությամբ ձերբազատվելով հանցավոր համակարգից և նրանում գործող հանցագործ դերակատարներից, ստեղծելով մեր ժողովրդին հարիր պետություն»:

Մեկնաբանել