Պետդեպը կրկին քննադատել է Բաքվին՝ լրագրողներին հետապնդելու համար

Ադրբեջանի կողմից ինտերնետում օրենսդրական սահմանափակումներ մտցնելը, այդ թվում՝ զրպարտանքի համար քրեական հետապնդում սահմանելը, հանդիսանում է ազատ արտահայտման հետագա վերացում երկրում, որտեղ մի շարք լրագրողներ և բլոգերներ արդեն ձերբակալված են կամ դատապարտված ազատազրկման: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնականի տեղակալ Թոմաս Մելիան սեպտեմբերի 25-ին Վարշավայում, հաղորդում է contact.az-ը:

Մելիան, դիմելով ԵԱՀԿ երկրների ներկայացուցիչներին, հիշեցրել է, որ այնպիսի լրագրողներ, ինչպիսիք Հադիջա Իսմայլովան է, շարունակում են ենթարկվել հետապնդումների և նույն վիճակում են մի շարք բլոգերներ:

«Մենք իշխանություններին վճռականորեն կոչ ենք անում հետաքննել այդ փաստերը, ինչպես նաև խնդիրները՝ կապված Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի և անգլալեզու այլ ԶԼՄ-ների հետ», -ասել է Մելիան:

Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են Բաքվում ընդունել Մելիայի գլխավորած պատվիրակությունը, որը նախկինում ևս քննադատել էր այս երկրի իշխանություններին:

Մեկնաբանել