Նախագահն ու վարչապետը ցավակցել են Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ: Անվանի մտավորականի հարազատներին, գործընկերներին և արվեստի երկրպագուներին ուղղված նախագահի ցավակցական հեռագրում ասված է. «Մեծ է բոլորիս վիշտը: Մենք կորցրինք մեծ դերասանի, մեծ մտավորականի և մեծ հայի: Սոս Սարգսյանի ներկայությունը մեր արվեստում և հասարակական կյանքում նշանակալի էր: Նա իր վարքով ու կեցվածքով մեզ բոլորիս դարձնում էր ավելի բարի, ավելի ազնիվ, ավելի լավը: Նրա խաղացած դերերը մի ամբողջ դարաշրջան են մեր թատրոնի և կինոյի պատմության մեջ: Խորին ցավակցությունն եմ հայտնում Սոս Սարգսյանի հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին, որոնք մեծ հաշվով մեր ողջ ժողովուրդն են: Սա անդառնալի և համազգային կորուստ է»: 

Վարպետի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նաև վարչապետը. «Սոս Սարգսյանը մեզ հետ չէ: Կյանքից հեռացավ հայի, մտավորականի այն տեսակը, որի սթափեցնող, իմաստուն խոսքի ու խրատի կարիքը մենք միշտ ունեինք և ունենալու ենք: Վարպետն իր մեծությամբ մեծ հետք թողեց ոչ միայն մեր մշակութային, այլև հասարակական կյանքում: Սոս Սարգսյանն իր կերտած դերերով, իր աշակերտներով, իր դաստիարակած մի քանի սերունդներով միշտ կմնա մեր պատմության մեջ որպես հայի բացառիկ կերպար:

Կիսում եմ վարպետի ընտանիքի, աշակերտների, ընկերների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»: