Բագրատաշենում տեղի ունեցավ սահմանային նոր անցակետի հիմնարկեքը

Հայ-վրացական սահմանին սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ «Բագրատաշեն» սահմանային անցակետի հիմնարկեքի արարողությունը։

«Եվրամիությունը շարունակում է օժանդակել Հայաստանին` սահմանային ենթակառուցվածքներն ու սահմանային կառավարման համակարգը արդիականացնելու և եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) համակարգող Բրեդլի Բուսետտոն, իր հերթին, ասաց, որ զարգացման մարտահրավերները բարդ են, և դրանց լուծման համար անհրաժեշտ են համագործակցության և գործընկերության սկզբունքների վրա հիմնված մոտեցումներ:

Նրա խոսքով` պետական սահմանի կառավարման համակարգի կատարելագործումը կարևոր առաջնահերթություն է UNDP-ի համար և վերջինս մշտապես պատրաստ է օժանդակել Հայաստանի կառավարությանը:

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի խոսքով` Բագրատաշեն-Բավրա-Գոգավան անցակետերի արդիականացման ծրագրով տրվում է մաքսային բարեփոխումների նոր գործընթացի մեկնարկը: ՊԵԿ-ը ծրագրում է ստեղծել մոնիտորինգային կենտրոն, ներդնել ավտոմեքենաների որոնման և վերահսկման համակարգ, ինչպես նաև անցակետում կիրառել «մեկ պատուհան» սկզբունքը, որը թույլ կտա պարզեցնել մաքսային վերահսկողության ընթացակարգերը` բացառելով գործառույթների կրկնությունը: Արդիականացված մաքսային կետերում կգործարկվի նաև Վրաստանի հետ սահմանի համատեղ կառավարման ծրագիրը:

Մաքսակետի կառուցումն իրականացվում է «Սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության» շրջանակում։ Բագրատաշեն, Բավրա, Գոգավան սահմանային անցակետերի արդիակացման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան €61 մլն։ Միջոցների հիմնական մասը վարկային են։ Անցակետերի արդիականացման համար Եվրոպական ներդրումային բանկը (European Investment Bank) ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կառավարությանը հատկացրել են համապատասխանաբար €30,3 մլն և €10,3 մլն վարկային միջոցներ։ Ծրագրի համակարգողը UNDP-ն է, գլխավոր շահառուն` ՊԵԿ-ը։

Ծրագրի իրականացմանը Եվրոպական ներդրումային բանկից և ՎԶԵԲ-ից բացի` միջոցներ է տրամադրում ԵՄ Հարևանության ներդրումային հիմնադրամը (NIF) (€12 մլն դրամաշնորհ), իսկ եվրոպական կառույցներն ու UNDP-ն` ավելի քան €4 մլն դրամաշնորհ։

Ծրագիրը նախատեսում է նորոգման աշխատանքներ և սահմանային անցակետերի վերազինում` Համաշխարհային առևտրային կազմակերպության չափանիշներին համապատասխան, սահմանային անվտանգության, հայ–վրացական սահմանով մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման դյուրացման նպատակով։

Մեկնաբանել