Ստալինը Գորի չի վերադառնա

Վրաստանի կառավարությունը թույլ չի տա Գորիում Խորհրդային միության նախկին առաջնորդ Իոսիֆ Ստալինի արձանի վերականգնումը: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլին Լիտվայի ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:
Հուլիսին վրացական մի շարք զանգավածային լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցիեն, որ Ստալինի Գորիի արձանը, որն ապամոնտաժվել է  2010թ. Վրաստանի իշխանությունների կողմից, 2013թ. դեկտեմբերի 21-ին կվերականգնվի, սակայն ոչ թե կենտրոնական հրապարակում, այլ Ստալինի տուն-թանգարանի տարածքում: Ավելի ուշ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը հերքեց այս տեղեկատվությունը՝  նշելով, որ գերատեսչությունը նման թույլտվություն չի տվել:  
«Տեղեկությունն այն մասին, որ Ստալինի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 21-ին կվերականգնվի նրա արձանը, իրականությանը չի համապատասխանում, և դա տեղի չի ունենա: Վրաստանի կառավարությունը դա չի անի, դա ծիծաղելի է», -ասել է նախարարը: Նրա խոսքով՝ տեղական իշխանությունները լիազորված չեն նման որոշումներ ընդունել, և դրա համար անհրաժեշտ է կենտրոնական իշխանության համաձայնությունը:
Ստալինի երեք արձաններ արդեն վերականգնվել են Կախեթիայի շրջանում, ինչը բնակչության մի մասի շրջանում ըմբոստության պատճառ է դարձել, և արձաններից մեկը անգամ կարմիր էր ներկվել: