Հալեպահայության մեկ երրորդը հեռացել է քաղաքից. Լևոն Շառոյան

Լուսանկարը` Հրաչ Քելսահակյանի, 2005թ.

Մինչ օրս հստակ տվյալներ չկային ճգնաժամից հետո Սիրիայում ապրող սիրիահայերի թվի մասին, սակայն հալեպահայ գրականագետ և հրապարակագիր Լևոն Շառոյանը սեպտեմբերի 27-ին «Ազատ Հայ» լրատվական կայքի հետ զրույցում ներկայացրել է հալեպահայ գաղութի թվային պատկերը:

«ՀԲԸՄ Գ. Գուլբենգյան Լ. Նաճարյան ճեմարանի տնօրինության տվյալների համաձայն` այս տարի դպրոցը` մանկապարտեզից մինչև երկրորդական, ունի 750 աշակերտ, մինչդեռ սիրիական ճգնաժամից առաջ այս դպրոցն ունենում էր 1250-1300 աշակերտ: Սա նշանակում է, որ այս տարի դպրոցը կորցրել է 500 աշակերտ: Այս թիվը մեզ ենթադրել է տալիս, որ հալեպահայ համայնքի գեթ մեկ երրորդը հեռացել է քաղաքից»,- ասել է Շառոյանը:

Հայ բարեգործական ընդհանուր միության Նաճարյան վարժարանը հիմնական չորս երկրորդական կարգի ուսում ապահովող հայկական վարժարաններից մեկն է: Մյուս երեքն են` Քարեն Եփփե Ազգային ճեմարանը, Կիլիկյան ճեմարանը և Կրթասիրաց Երկրորդական վարժարանը: Համայնքի պաշտոնական տվյալների համաձայն` ճգնաժամից առաջ սիրիահայ համայնքը հաշվում էր մոտ 70-80 հազ., որի կեսից ավելին Հալեպում էր բնակվում:

Այժմ Սիրիայում կան նաև մեծ թվով ներքին փախստականներ, որոնք ապաստանել են երկրի համեմատաբար ավելի ապահով շրջաններում` ծովեզերյա քաղաքներում, Դամասկոսում կամ քրդերի հսկողության տակ գտնվող տարածքներում: Նրանց թվում շատ են սիրիահայերը:

Սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր երկրից ժամանակավոր և ընդմիշտ հեռացել են մեծ թվով քաղաքացիներ: Սփյուռքի նախարարության վերջին տվյալների համաձայն` Հայաստանում կա մոտ 10 հազ. սիրիահայ: