Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց ժողովն ավարտել է իր աշխատանքը

Սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` օրհնությամբ և նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, գումարվել է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը, որին մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության 62 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ: 

Ինչպես հաղորդում են Մայր աթոռի մամուլի դիվանից, Մայր տաճարում առավոտյան ժամերգությունից հետո, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Տերունական աղոթքով բացվել է Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը: 

Սեպտեմբերի 24-ի նիստերին եպիսկոպոսաց դասը քննարկել է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնման հարցը և այդ շրջագծում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման խնդիրը: Այս առնչությամբ Սրբադասման հանձնախմբի կատարած աշխատանքների և ուսումնասիրությունների արդյունքների մասին զեկույցներ են ներկայացրել հանձնախմբի համաատենապետներ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը և Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: 

Զեկույցների քննարկման արդյունքում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման գործընթացի առնչությամբ եպիսկոպոսաց ժողովը որոշել է.

ա. որդեգրել Հայոց ցեղասպանության նահատակների հավաքական սրբադասման սկզբունքը,

բ. հանձնարարել Սրբադասման հանձնախմբին` շարունակել նահատակների անհատական և խմբային սրբադասման ուսումնասիրությունը` Եպիսկոպոսաց առաջիկա ժողովներին ներկայացնելու համար,

գ. հանձնարարել Սրբադասման հանձնախմբին մշակել սրբադասման կանոնակարգը և արարողակարգը` Եպիսկոպոսաց առաջիկա ժողովին ներկայացնելու համար:

Սեպտեմբերի 25-26-ի նիստերին Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցները քննության են առել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու առաջին երկու խորհուրդների` Ս. Մկրտության և Դրոշմի առնչությամբ Ծիսական հանձնախմբի կողմից կատարված աշխատանքները: Զեկույցներ են ներկայացրել հանձնախմբի համաատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, հանձնախմբի անդամներ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը և Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը: Համակողմանի քննարկման արդյունքում ժողովը ընդունել է Ս. Մկրտության և Դրոշմի խորհուրդների միօրինակ բնագիր: Քննարկման նյութ են դարձել Ս. Մկրտության խորհրդի հետ առնչված հարցերի ուղեցույցը և Ս. Մկրտության խորհրդի խրատական-ուսուցողական ձեռնարկը, որոնց առնչությամբ Ծիսական հանձախմբին հանձնարարվել է շարունակել լրամշակման աշխատանքները: Կարևորությամբ քննարկվել է նաև Հայ Եկեղեցու ծիսական լեզվի խնդիրը և այլ հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է նկատվել հավելյալ ուսումնասիրությունների:

Սեպտեմբերի 27-ի նիստերը նվիրված էին Հայ Եկեղեցու այժմեական մարտահրավերներին: Այս մասին զեկույցներով հանդես են եկել Գերաշնորհ Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը և Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Քննարկելով ներկայացված մարտահրավերները, որոնք վերաբերում էին Եկեղեցու ծիսական, քարոզչական կյանքին և կրթա-դաստիարակչական ու սոցիալական առաքելությանը, հայապահպանության խնդիրներին` ժողովականները որոշեցին դրանք առաջնահերթության սկզբունքով համապարփակ քննության առարկա դարձնել առաջիկա Եպիսկոպոսաց ժողովներին:

Եպիսկոպոսաց ժողովը արդյունքների ամփոփման հանգրվանին մտահոգությամբ անդրադարձել է նաև մեր ժողովրդի ազգային, եկեղեցական կյանքում առկա ընկերային, տնտեսական, ժողովրդագրական և տարաբնույթ այլ մարտահրավերներին ու դժվարություններին: Նշյալ մարտահրավերներին ու հիմնախնդիրներին ընդառաջ, եպիսկոպոսաց դասը, ելնելով Հայ Առաքելական Եկեղեցու ծառայական ոգուց, օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, որոշել է հաստատել հիմնադրամ` Հայաստանի ու Արցախի և սիրիահայության կարիքավոր զավակներին աջակցություն ցուցաբերելու համար: Հիմնադրամի գործունեության մեկնարկի համար հաստատվել է $2 մլն նախնական դրամագլուխ, իսկ հիմնադրամի ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար ստեղծվեց հատուկ հանձնախումբ:

Ժողովի ավարտին եպիսկոպոսաց դասը գոհունակությամբ արձանագրել է ժողովի արդյունավետ ընթացքը և երախտագիտություն հայտնել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին` Մայր Աթոռում եպիսկոպոսաց եղբայրական սիրով համախմբման հնարավորության համար: Ժողովականները կարևոր են համարել եպիսկոպոսաց ժողովների պարբերաբար գումարումը` Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու առջև ծառացած զանազան մարտահրավերներին ու հայ ժողովրդին հուզող հարցերին անդրադառնալու և դրանց առնչությամբ Հայ Եկեղեցու տեսակետները և մոտեցումները ճշգրտելու նպատակով: 

Եպիսկոպոսաց հաջորդ ժողովը որոշվել է գումարել 2014թ. աշնանը:

Ժողովը փակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնության ու գնահատանքի խոսքով և աղոթքով: