Հայաստանի տնտեսական և ֆինանսական կախվածությունը Ռուսաստանից կմեծանա. Moody’s

 

Միջազգային վարկանիշային հեղինակավոր Moody’s կազմակերպությունը (Moody՚s Investors Service)  սեպտեմբերի 27-ին Ba2 է գնահատել Հայաստանի կառավարության տեղաբաշխած՝ 7 տարի մարման ժամկետով ու 6%-ով $700 մլն-ի եվրապարտատոմսերի վարկանիշը: Moody’s-ը վերահաստատել է նաև վարկանիշին տրված կայուն բնորոշումը:

 

Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` միջազգային կազմակերպության գնահատմամբ՝ Ba2 վարկանիշը ստանալու համար հիմք է հանդիսացել Հայաստանի վարած ֆիսկալ զսպողական քաղաքականությունը, որն իր դրական արտացոլումն է գտել դեֆիցիտի նվազման միտումներում՝ 2012թ. կրճատելով այն մինչև 1,5%-ի` 2009թ. 7,5%-ի դիմաց: Դեֆիցիտի նվազմանը, ըստ Moody’s-ի, նպաստել են կատարված կապիտալ ծախսերը, ինչպես նաև հարկերի կայուն հավաքագրումը՝ պայմանավորված մասնավորապես հարկային բազան ընդլայնելուն ուղղված բարեփոխումներով ու կենսաթոշակային նոր համակարգի ներդրմամբ:

 

Ի դեպ` ֆինանսների նախարարությունն իր հաղորդագրութունում չի անդրադարձել Moody’s-ի այն գնահատականին, որ պետական պարտատոմսերի ծավալը կազմելու է Հայաստանի 2012թ. ՀՆԱ-ի 12%-ը, և որ ՀՀ կառավարությունը ծրագրում է ներգրավված միջոցներն ուղղել հիմնական կառավարական նպատակներին և հնարավոր ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորմանը: Ըստ գործակալության` նոր միջոցների ներգրավման արդյունքում արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 44,1%` հաշվի չառնելով, որ այն չի ծառայելու Ռուսաստանի $500 մլն վարկի մարմանը:

 

Moody’s-ը նշում է, որ Ba2 վարկանիշով սահմանափակվելը բացատրվում է նաև երկրի փոքր չափերի և հումքի արտահանումից ու տրանսֆերներից, հիմնականում՝ Ռուսաստանից կախվածության պատճառով: Այս առումով, Հայաստանի արդեն իսկ մեծ տնտեսական և ֆինանսական կախվածությունը Ռուսաստանից կմեծանա Մաքսային միության շրջանակում, որին Հայաստանը միանում է՝ հրաժարվելով ԵՄ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտուց: Ավելին, երկրում հարկերի սահմանափակ հավաքագրումը և կոռուպցիայի հարաբերականորեն բարձր վարկանիշը նույնպես վարկավորման մարտահրավեր են պարունակում:

 

Moody’s-ի գնահատմամբ` բանկային համակարգում դոլարիզացիայի բարձր մակարդակը վարկավորման արագ տեմպի դանդաղման պայմաններում միջնաժամկետ կտրվածքով ստեղծում է ֆինանսական ռիսկեր։ Սա մասնավորապես վերաբերում է այն պարագային, եթե երկիրն առերեսվի արտարժույթով ֆինանսավորման պակասուրդի խնդրին, ինչն այսօր մասամբ մեղմվում է Կենտրոնական բանկի կողմից բանկերի արտարժութային դիրքերով:

 

Ուշագրավ է, որ օրերս Moody’s-ը վերանայել էր Հայաստանի արտարժութային պարտատոմսերի առաստաղը՝ այն Baa3-ից իջեցնելով Ba1-ի։ Գործակալությունը վերանայել էր նաև Հայաստանի կարճաժամկետ արտարժութային պարտատոմսերի առաստաղը՝ Prime-3-ից (P-3՝ ներդրումային դաս) Not-Prime-ի (NP՝ սպեկուլյատիվ դաս):