Քաղաքապետարանում քննարկվել են 2013թ. Երևանի համայնքային բյուջեի կատարման ընթացքի հետ կապված հարցեր

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել են 2013թ-ի Երևան քաղաքի համայնքային բյուջեի կատարման ընթացքի հետ կապված հարցեր, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքը, հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում կարևոր է հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումը: Ըստ այդմ, քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան վարչությունների պատասխանատուներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման ուղղությամբ:

Առանձնակի կարևորելով քաղաքային իշխանություն – բնակիչ կապի էլ ավելի ամրապնդումը, Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական լինել քաղաքապետարանում և վարչական շրջաններում ստացված դիմումների ժամանակին և սպառիչ պատասխանների տրամադրման հարցում: Քաղաքապետը հանձնարարել է նաև խիստ ուշադրություն դարձնել քաղաքապետարանում և վարչական շրջաններում սահմանված քաղաքացիների ընդունելության օրերի ժամանակ, ինչպես նաև գործող թեժ գծի հեռախոսահամարներով բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լուծմանը և, անհրաժեշտության դեպքում, անհատապես հանդիպել կրկնակի դիմումներ ներկայացրած բնակիչների հետ:

Մեկնաբանել