Ռուսական լրատվամիջոցները յուրօրինակ ձևով են արձագանքել գործընկերոջ ձերբակալությանը

Ռուսական մի շարք խոշոր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներ և լրագրողներ բաց նամակ են հրապարակել՝ ի աջակցություն ֆոտոթղթակից Դենիս Սինյակովի, որը ռուսական գազային հսկա «Գազպրոմին» պատկանող «Պրիրազլոմնայա» նավթային հարթակի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ եղել է Arctic Sunrise նավի վրա և այդ կապակցությամբ կալանավորվել է երկու ամսով։

«Սեպտեմբերի 26-ին Մուրմանսկի Լենինյան շրջանային դատարանը երկու ամսով կալանավորեց ֆոտոլրագրող Դենիս Սինյակովին։ Նա Arctic Sunrise նավի վրա էր՝ «Պրիրազլոմնայա» հարթակի մոտ, որտեղ լուսանկարում էր Greenpeace-ի ակցիան Lenta.ru լրատվականի համար։ Սինյակովը Lenta.ru-ի արտահաստիքային լրագրող է։ Չնայած դրան՝ դատարանը նրա համար ընտրել է խափանման նույն միջոցը, ինչ և Greenpeace-ի ակտիվիստների՝ նրա ռեպորտաժի հերոսների համար։

Դենիս Սինյակովի հետապնդումը հարված է խոսքի ազատությանն ու իրադարձությունների լուսաբանման համար հետապնդումից լրագրողական անձեռնմխելիությանը»,- ասված է նամակում, որը հրապարակել է Lenta.ru-ն։

Նամակի հեղինակները պնդում են, որ Դենիս Սինյակովն ազատ արձակվի, և նրա վրայից հանվեն բոլոր մեղադրանքները։

«Մենք դիմում ենք պետության առաջին դեմքերին՝ խնդրելով հետևել օրենքին, և կոչ ենք անում նրանց անուշադրության չմատնել այս իրադրությունը»,- ասված է նամակում։

Նամակը ստորագրել են Lenta.ru-ի գլխավոր խմբագիրը, «Ռիա նովոստիի» ֆոտոտեղեկատվության խմբագրության գլխավոր խմբագիրը, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիրը, «Դոժդ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը և այլք։ Ստորագրահավաքը շարունակվում է «Էխո Մոսկվիի» կայքում։

Լուսանկարիչ Դենիս Սինյակովը երկար ժամանակ համագործակցել է Reuters-ի, Agence France-Presse-ի, «Կոմերսանտ» հրատարակչատան հետ։ Սինյակովը նաև Lenta.ru-ի արտահաստիքյաին թղթակից է, Arctic Sunrise նավի վրա նա նյութ էր պատրաստում խմբագրության հանձնարարությամբ։

Ռուսական մի շարք օնլայն պարբերականներ, այդ թվում՝ Lenta.ru-ն, Gazeta.ru-ն, Metro-ն, «Սնոբ»-ը, «Դոժդ» հեռուստաալիքի և «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքերը, որոշել են սեպտեմբերի 27-ին ամբողջ օրվա ընթացքում իրենց կայքերում հրաժարվել լուսանկարներ տեղադրելուց՝ ի նշան Սինյակովին աջակցության։

Arctic Sunrise նավի վրա ընդհանուր եղել է 30 մարդ։ Մուրմանսկի Լենինյան դատարանի նիստի արդյունքներով սեպտեմբերի 26-ին նրանցից 22-ը, այդ թվում՝ Դենիս Սինյակովը, կալանավորվել է։ Նավի վրա եղած մնացած ութ մարդկանց կալանքի ժամկետը երկարացվել է 72 ժամով։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին։ Greenpeace-ի ակտիվիստ բնապահպաններն Արկտիկայում նավթահանման դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել:

Հետաքննության վարակծի համաձայն՝ «Greenpeace էկոլոգիական իրավապաշտպան կազմակերպության հետ կապ ունեցող մի խումբ մարդիկ փորձել են Arctic Sunrise նավից տեղափոխվել հարթակի վրա։ Ակցիան կանխվել է սահմանապահների կողմից»։ Ակտիվիստներին ձերբակալել էին և տեղափոխել Մուրմանսկ։

Greenpeace-ի ակտիվիստների կողմից «Պրիրազլոմնայա» հարթակի վրա հարձակման փաստի առթիվ ծովահենության հոդվածով քրեական գործ է հարուցվել։

Greenpeace-ը հայտարարում է, որ ռուսական հատուկ ծառայությունները զավթել են իր Arctic Sunrise նավը։