Մեր նպատակն է լուծել խնդիրները և քայլ առ քայլ վստահություն ստեղծել երկու ազգերի միջև. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հուսով է, որ իրանական միջուկային ծրագրի հարցը հնարավոր կլինի լուծել կարճ ժամանակում, և որ Իրան-ԱՄՆ հարաբերություններում բարելավված մթնոլորտը ավելի կսերտացնի կապերը երկու երկրների միջև: Այս մասին Իրանի նախագահը հայտարարել է Նյու Յորքում սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը, հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»: 

«Ներկայիս մթնոլորտը [Իրան-ԱՄՆ հարաբերություններում] միանգամայն տարբերվում է անցյալի մթնոլորտից», – ասել է Ռոհանին մեկ օր անց այն բանից հետո, երբ Վիեննայում Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի միջև մեկնարկել է բանակցությունների հերթական՝ 11-րդ փուլը: 

«Մեր նպատակն է լուծել խնդիրները և քայլ առ քայլ վստահություն ստեղծել երկու կառավարությունների և ազգերի միջև», – ասել է Ռոհանին: 

Վիեննայում սկսված բանակցություններում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը գլխավորող` գործակալության փոխտնօրեն Հերման Նակերցն ասել է, որ բանակցությունները «շատ կառուցողական են»: Միևնույն ժամանակ, ՄԱԳԱՏԷ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆիի խոսքով` «քննարկումներից շատ բան պետք չէ ակնկալել»: 

Ավելի վաղ` սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում` ՄԱԿ-ի կետրոնակայանում, տեղի են ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բարձր մակարդակի բանակցություններ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի հանդիպման շրջանակում: 

Կողմերը համաձայանության  են եկել բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել հոկտեմբերի 15-ին Ժնևում:

Քերին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ չեղյալ հայտարարել Իրանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ չի ստացել նրա միջուկային ծրագրի մասին հստակ ու հաստատված տվյալներ: