Կ.Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Կարեն Փոլադյանը, հաղորդում են Դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնից:

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը, հիմք ընդունելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի դիմումը, 2013թ. սեպտեմբերի 27-ի նիստում որոշել է վերջինիս ազատել զբաղեցրած պաշտոնից:

Ոստիկանության հաղորդմամբ` պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը հարցաքննվել է որպես կասկածյալ: 

Սեպտեմբերի 26-ին որոշում էր կայացվել Մ. Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: