Ավստրիայում հայտնաբերվել է Տիցիանի կտավներից

Ռոզենաուերը կտավը թվագրում է մոտ 1511թ.:

Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Արթուր Ռոզենաուերը հայտնել է Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ գեղանկարիչ Տիցիանի` Հիսուս Քրիստոսին պատկերող անհայտ կտավ հայտնաբերելու մասին, գրել է Guardian պարբերականը: 

Ռոզենաուերը կտավը թվագրում է մոտ 1511թ.: Կտավում փակ դագաղի վրա կանգնած Քրիստոսը ձախ ձեռքով դրոշ է պահում, աջով` օրհնում: 

«Տիցիանի անհայտ կտավի հայտնաբերումը հազվագյուտ երևույթ է: Կտավը զարմանալիորեն լավ է պահպանվել», – ասել է հետազոտողը Burlington Magazine ամսագրին: 

Ռոզենաուերը ուշադրություն է դարձրել կտավում պատկերված հրաշալի երկնքին: 

«Թվում է` լույսն ունի գերբնական էներգիա, որը ստիպում է սավանն ու դրոշը ծածանվել», – ասել է պրոֆեսորը:  

Տիցիանի նոր գտնված կտավը պատկանել է ֆոն Բյուլովների ընտանիքին, որոնց թվում` Բեռնհարդ ֆոն Բյուլովին, որը 1900-1909թթ. եղել է գերմանական կայսրության ռեյսխկանցլեր: Հետագայում աշխատանքը տեղափոխվել է Ուրուգվայ, որից հետո հայտնվել եվրոպացի մի հավաքորդի հավաքածուում: