ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայոմ քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևի ընդունումը կլինի միջազգային հանրության հաղթանակը, ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու Յորքում լրագրողների հետ հանդիպմանը, հաղորդում է BBC-ն:
«Հնարավոր արդյունքի հեռանկարը հույս է ներշնչում: Շարունակում է անհանգստացնել երկրից քիմիական զենքը դուրս բերելու ուղիների հարցը», – ասել է Օբաման:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սեպտեմբերի 14-ին Ժնևում համաձայնեցրել են Սիրիայից քիմիական զենքի դուրս բերման ու մինչև 2014թ. կեսը դրա ոչնչացման կարգը: Սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Լավրովն ու Քերին համաձայնեցրել են սիրիական քիմիական զենքի` ՄԱԿ-ի ԱԽ և Քիմիական զենքի արգելման կազմակերպության բանաձևերի նախագծերը:
«Սա այն է, ինչին ձգտում էինք: Այժմ ունենք նախագիծ, որի շուրջ քվեարկությունը կարող է կայանալ արդեն այսօր, որը կլինի պարտավորեցնող, կատարման ենթակա և բանաձևի չկատարման դեպքում հետևանքներ նախատեսող», – ասել է ԱՄՆ նախագահը:
Օբամայի խոսքով` ինքը միշտ էլ առաջնահերթ է համարել այդ հարցի դիվանագիտական լուծումը: