Մայր Աթոռի Գանձատան նոր ձեռագրասրահում կներկայացվեն բացառիկ փաստաթղթեր

Սեպտեմբերի 30-ին` ժամը 14:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ալեք և Մարի Մանուկյան Գանձատանը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Կառլ և Էմմա Սողոյաններ ձեռագիր մատյանների ցուցասրահի բացման արարողությունը, հաղորդում են Մայր Աթոռի մամուլի դիվանից:

Հայ Եկեղեցու բարերարներ տեր և տիկին Սողոյանները Սուրբ Էջմիածնին են ընծայաբերել երկու տասնյակ ձեռագիր մատյաններ և հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը (Ամստերդամ, 1666 թ.):

Նվիրաբերված ձեռագրերը Մայր Աթոռի ձեռագրերի հետ մշտական ցուցադրության են դրվելու Գանձատան նորաբաց ձեռագրասրահում: Ցուցադրության մեջ ներկայացված են նաև որոշ բացառիկ փաստաթղթեր Մայր Աթոռի արխիվից, որոնց թվում են նաև Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Տ. Զավեն արքեպիսկոպոս Եղիայանի գաղտնի փաստաթղթերը` կապված Հայոց ցեղասպանության հետ, ինչպես նաև վերջինիս գրությունն ուղղված Տ.Տ. Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության հիշատակի օր հաստատելու վերաբերյալ: