Ժառանգությունը ընդդեմ ՀՀԿ-ի. ԱԺ պատգամավորի ընտրություն Կապանում

Սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում կկայանան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով ընտրություններ: Իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Արմեն Կարապետյանի մրցակիցը Ժառանգությունը ներկայացնող Սամվել Հայրապետյանն է:

Այս ընտրատարածը գտնվում է Հայաստանի ծայր հարավում՝ Սյունիքի մարզում և ընդգրկում է Կապանի, Քաջարանի, Մեղրիի և Ագարակի տարածաշրջանները: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հերթական սկանդալից հետո, երբ նրա Գորիսի առանձնատան մոտ սպանվեց բարձրաստիճան հայ զինվորական, Սերժ Սարգսյանի հավատարիմ թիմակիցը ստիպված եղավ հրաժարական ներկայացնել: Նոր մարզպետ նշանակվեց Վահե Հակոբյանը, ով ԱԺ մի քանի գումարման պատգամավոր էր հենց թիվ 38 ընտրատարածքից: 

Հայաստանի ողջ իշխանական համակարգը աջակցում է Արմեն Կարապետյանին, ով ժամանակին եղել է Կապանի քաղաքապետը: Նախօրեին Սյունիք մարզ էր այցելել Սերժ Սարգսյանը: Քարոզչության վերջին օրը Կապանի Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակում կայացավ հանրահավաք, որին ներկա էր և ելույթ ունեցավ նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ով մարզպետ Վահե Հակոբյանի հայրն է: Նա կապանցիներին հորդորեց քվեարկել Արմեն Կարապետյանի օգտին:

Ժառանգության թեկնածու Սամվել Հայրապետյանին աջակցելու նպատակով Սյունիք էին այցելել կուսակցության առաջնորդ Ռաֆֆի Հովհաննիսյանն ու ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նախագահական վերջին ընտրություններում Կապան քաղաքում Ռաֆֆի Հովհաննիսյանը զգալիորեն ավելի շատ քվեներ էր ստացել, քանի վիճելի ընտրություններում նախագահ հռչակված Սերժ Սարգսյանը:

ՀՅԴ-ն, որը բավական ամուր դիրքեր ունի Սյունիքում, ԱԺ պատգամավորի ընտրություններում ոչ միայն չի աջակցի ՀՀԿ-ի և Ժառանգության թեկնածուին, այլ իր համակիրներին հորդորել է բոյկոտել ընտրությունները և «որևէ կերպ չներգրավվել իշխանության կազմակերպած հերթական ֆարսում»: «Ընտրության արդյունքը չլիգիտիմացնելու համար մենք որևէ կերպ չենք ներգրավվելու ընտրական գործընթացում և կոչ ենք անում ընտրողներին չմասնակցել սեպտեմբերի 29-ին կայանալիք թիվ 38 ընտրատարածքի ընտրություններին», հայտարարել էր ՀՅԴ-ն՝ Ժառանգության թեկնածուին առաջարկելով «ինքնաբացարկ հայտարարել, զերծ մնալ իշխանության ծրագրած ընտրական ֆարսին մասնակցելուց և թվացյալ մրցակցություն ստեղծելուց»:

Այս բոյկոտի կոչը ակնհայտորեն աշխատելու է ՀՀԿ-ի թեկնածուի օգտին, քանի որ նախագահական վերջին ընտրություններում տեղի դաշնակցականները քվեարկել են Ռաֆֆի Հովհաննիսյանի օգտին:

 Թաթուլ Հակոբյան, Կապան