ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է Սիրիայի հարցով բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն քվեարկել է Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ բանաձևի օգտին, հաղորդում է BBC-ն: Սա Սիրիայի հարցով ընդունված առաջին իրավաբանորեն պարտադրող փաստաթուղթն է 2011թ.-ին երկրում սկսված քաղաքացիական պատերազմից հետո:

Փաստաթղթի տեքստն ԱԽ անդամները համաձայնեցրել են 2 շաբաթվա ընթացքում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը բանաձևի հաստատումն անվանել է «երկար ժամանակվա ընթացքում առաջին հուսադրող լուրը Սիրիայի մասին»:

Բանաձևը Սիրիային պարտադրում է ոչնչացնել քիմիական զենքի բոլոր պաշարները, ինչպես նաև առանց խոչընդոտների մատչում տրամադրել միջազգային փորձագետներին:

Փաստաթուղթը դատապարտում է Սիրիայում քիմիական զենքի կիրառումը, սակայն պատասխանատվությունը հակամարտող կողմերից որևէ մեկի վրա չի դնում:

Բանաձևը Սիրիայի իշխանություններին խիստ հետևանքներով է սպառնում, եթե նրանք չկատարեն բանաձևի պահանջները, սակայն այն չի նախատեսում արտաքին ռազմական միջամտություն: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն լրացուցիչ բանաձև ընդունի:

Ինչպես քվեարկության ավարտին նշել  է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ընդունված բանաձևը Սիրիայուն ճգնաժամի խաղաղ կարգավորման հնարավորություն է ստեղծում:

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։