Օբաման և Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, հաղորդում է BBC-ն:

ԱՄՆ նախագահն իրանցի գործընկերոջը հայտնել է, որ համաձայնագրի կնքման գործընթացին հնարավոր է՝ լուրջ խոչընդոտներ առաջանան, և բանակցությունների հաջողությունը երաշխավորված չէ՝ միաժամանակ հավելով, որ հավատում է, որ երկու երկրները կկարողանան համապարփակ որոշում գտնել խնդրի լուծման համար:

Իր հերթին Ռոհանին հույս է հայտնել, որ Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ համաձայնագիրը կկնքվի 3-6 ամսվա ընթացքում:

Ինչպես BBC-ի թղթակցին հայտնել է Սպիտակ տան աշխատակիցը, իրանցի առաջնորդի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցը տևել է 15 րոպե և անցել է ընկերական մթնոլորտում:

ԱՄՆ-ի և Իրանի նախագահների զրույցը առաջինն բանակցություններն են երկու երկրների ղեկավարների միջև 34 տարվա դադարից հետո:

Պաշտոնական դիվանագիտական հարաբերությունները Իրանի և ԱՄՆ-ի միջև խզվել են 1979թ. նոյեմբերի 4-ին՝ Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավումից հետո: