Է. Նալբանդյանի նյույորքյան հանդիպումները՝ տարբեր երկրների իր գործընկերների հետ

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-ին նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին շարունակել է հանդիպումները տարբեր երկրների իր գործընկերների հետ, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: 
Պանամայի արտգործնախարար Ֆերնանդո Ֆաբրեգայի հետ հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները։ Երկուստեք նշվել է, որ մայրաքաղաքներում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրումը կնպաստի փոխգործակցության հաստատմանը։ 
Անդրադառնալով Պանամայի խորհրդարանի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված բանաձևին, նախարար Ֆաբրեգան ընդգծել է, որ իր երկրի Սահմանդրությամբ արտաքին քաղաքականությունը հանդիսանում է Հանրապետության նախագահի իրավասությունը և Պանամայի կառավարության դիրքորոշումն է չեզոքություն պահպանել` նպատակ ունենալով նպաստել խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը: Նա հավելել է, որ խորհրդարանի բանաձևը չի արտահայտում իր երկրի պաշտոնական դիրքորոշումը։ 
Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին գործեր և եվրոպական հարցերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիներին։ Միրոսլավ Լայչակը նշել է, որ սլովակյան կողմն ակնկալում է հարաբերությունների զարգացում հատկապես առևտրատնտեսական փոխգործակցության բնագավառում։ 
Զրուցակիցները քննարկել են, ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում ընթացող համագործակցությունը, Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Անդրադառնալով Մաքսային միությանը էանդամակցելու Հայաստանի որոշմանը Սլովակիայի փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության համար առկա է մեծ ներուժ, որի վրա հիմնվելով պետք է զարգացնել հարաբերությունները։ 
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն վերաբերյալ, անդրադարձ կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին և դրանց լուծման ուղիներին։ Զրուցակիցները մանրամասն քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։ 
Էդվարդ Նալբանդյանի և Կոլումբիայի արտգործնախարար Մարիա Անխելա Հոլգինի հետ հանդիպման ժամանակ, նախարարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հարաբերությունների զարգացումը խթանելու համար՝ այդ առումով կարևորվել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը։ Նախարար Նալբանդյանն իր կոլումբիացի գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով Հայաստանի և միաջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։
Այս համատեքստում Կոլումբիայի արտգործնախարարը ընդգծել է, որ Կոլումբիայի խորհրդարանի հիմնախնդրի վերաբերյալ արտահայտված մոտեցումները չեն արտացոլում երկրի պաշտոնական դիրքորոշումը և վերահաստատել աջակցությունը միջազգային իրավունքի հիման վրա հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ 
Էդվարդ Նալբանդյանի և Բուլղարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կոնստանտին Վիգենինի հանդիպմանը արծարծված հարցերը վերաբերել են հայ-բուլղարական փոխգործակցության հետագա ընդլայնմանը, ԵՄ շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին, Եվրոպական միության Արևելյան գործընկերների հետ համագործակցության շրջանակներում համագործակցության ուղիներին, Վիլնյուսի գագաթաժողովին վերաբերող հարցեր։ 
Հայաստանի արտգործնախարարի և Թուրքմենստանի փոխվարչապետ, արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ զրույցի ընթացքում քննարկվել են անցյալ տարի Թուրքմենստանի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձել են հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ 
Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Մայա Փանջիկիձեի հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ երկու երկրների մոտեցումները, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության խորացման ուղիները։ 
Նույն օրը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը: Հանդիպմանը մտքեր փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումների, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ: