Բաքվում նախագահի ընդդիմադիր թեկնածուն հանրահավաք է անցկացրել

Ադրբեջանի միացյալ ընդդիմության թեկնածուն՝ Ջամիլ Հասանլին, շաբաթ օրը հանրահավաք է անցկացրել մայրաքաղաք Բաքվում, հաղորդում է Azatutyun.am-ը:
Կազմակերպիչները նշում են, որ արտոնված հանրահավաքին ավելի քան 10 հազ. մարդ է մասնակցել, մինչդեռ ոստիկանությունը պնդում է, որ մասնակիցների թիվը չի անցել 1.500-ից:
Հասանլին, ով հանդիսանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հիմնական հակառակորդը, իր աջակիցներին կոչ է արել հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններում քվեարկել իր օգտին՝ «Ադրբեջանում մեկ ընտանիքի դիկտատուրային վերջ դնելու համար»:
Ընդդիմադիր թեկնածուն Ալիևին մեղադրել է կոռուպցիայի և պետության՝ միլիարդավոր դոլարների հասնող գումարները փոշիացնելու մեջ:
Հանրահավաքի մասնակիցները հնչեցրել են՝ «Իլհամ, հրաժարական տուր» և «Իլհամ, բավական է» կոչեր:
Խաղաղ հանրահավաքն ավարտվել է առանց միջադեպերի:
Հասանլիի թեկնածությունը առաջադրել է Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը՝ որը միավորում է Ադրբեջանը ընդդիմադիր քաղաքական ուժերի և խմբավորումների մեծ մասը:
Իլհամ Ալիևը Ադրբեջանը ղեկավարում է 2003 թվականից՝ այս պաշտոնում հաջորդելով իր հորը՝ Հեյդարին: