Բան Կի Մունը բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը միջազգային գործընթացներում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ողջունելով հյուրին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի դիվանագիտության ակտիվ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ գործընթացներում։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել սիրիական ճգնաժամի, դրա հետևանքով փախստականների արտահոսքի վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հյուրընկալել է տաս հազարից ավել սիրիահայերի, իսկ Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայեր շարունակում են ապրել ճգնաժամի պայմաններում։
Հայաստանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել են սեպտեմբերի 27-ին Անվտանգության խորհրդում սիրիական քիմիական զենքի վերաբերյալ միաձայն ընդունված բանաձևը և կարևորել հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակումը։
Էդվարդ Նալբանդյանն ու Բան Կի Մունը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին։ Նախարար Նալբանդյանը ներկայացրել է հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։
Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում նախարար Նալբանդյանը նշել է, որ ՄԱԿ-ը և Եվրոպայի խորհուրդը հանդիսանում են առանցքային գործընկերներ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների պաշտպանության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարում, որոնք համաեվրոպական այդ կառույցում Հայաստանի նախագահության առաջնայնություններից են։
Անդրադառնալով ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը: «Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին և պատրաստ ենք մեր ներդրումը բերելու այդ գործին: Հավատում ենք, որ բարեփոխումները հնարավորություն են ընձեռում ընդլայնելու կազմակերպության դերը՝ միջազգային հանրության առջև ծառացած առանցքային խնդիրներին լուծումներ գտնելու համար»,- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։

Մեկնաբանել