Փաշինյանը ԱԺ նախագահից պարզաբանում պահանջեց Փոստանջյանի հարցով

Սեպտեմբերի 30-ին մեկնարկեց ԱԺ քառօրյան: Նիստի սկզբում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից պարզաբանում պահանջեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները կանգնեցրել էին նրա մեքենան և հետախուզել այն:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ հեռախոսազրույց է ունեցել Զարուհի Փոստանջյանի հետ և պայմանավորվել է հանդիպել:

«Կա փաստաթուղթ, որն այսօր առավոտյան ուղարկվել է սահմանապահ զորքերի հրամանատարի կողմից, ես ընդմիջմանը այն կուսումնասիրեմ: Ես հավաստիացնում եմ` եթե որևէ ոտնձգություն լինի մեր գործընկերոջ նկատմամբ, կփորձենք համապատասխան գնահատական տալ»,- վստահեցրեց Հովիկ Աբրահամյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ ի պատասխան ասաց. «Ես ակնկալում էի, որ Ձեր կարգավիճակի բերումով համապատասխան պարզաբանումներ կստանայիք ФСБ գրությամբ իրավապահ մարմիններից, որոնք հանդես են գալիս առանց ՀՀ իրավապահ մարմիների ուղեկցության: Ուզում եմ տեղեկացնել, որ ես ինքս դիմել եմ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին՝ ակնկալելով, որ մանրամասն բացատրություն կտա»:

Մեկնաբանել