Բնակչությանը մեկ ամիս կսովորեցնեն «ճիշտ» կառավարել անձնական ֆինանսները

Կենտրոնական բանկն ու ֆինանսական շուկայի մասնակիցները հոկտեմբերին իրականացնելու են «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագիրը։ Սեպտեմբերի 30-ին ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը ԿԲ-ի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանն ասաց, որ ծրագրի նպատակն է բնակչության ուշադրությունն ուղղել անձնական ֆինանսների ճիշտ կառավարմանը։

«Ֆինանսական կրթման մակարդակի բարձրացումը և անձնական ֆինանսների «ճիշտ» կառավարումը կարևոր նախադրյալ են ֆինանսական բարեկեցության և սոցիալական վիճակի բարելավման գործընթացում»,- ասաց Դարբինյանը։

Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանն էլ նշեց, որ միամսյակի շրջանակում իրականացվող միջոցառումները բաժանված են չորս թեմաների. ֆինանսներ երեխաների համար, պարտք և վարկ, ապահովագրություն և ավանդներ։

Միամսյակի ընթացքում Երևանում և մարզերում կիրականացվեն մի շարք տեղեկատվական և ուսուցողական միջոցառումներ՝ «Երազանքի պատի» կառուցում, բազմատեսակ մրցույթներ, հանդիպումներ և սեմինարներ դպրոցներում ու համալսարաններում, բաց դռների օր ֆինանսական հաստատություններում։ Միամսյակը կեզրափակվի հոկտեմբերի 31-ին՝ միանալով Խնայողությունների միջազգային օրվան։

Հարցին` որքանով է նպատակահարմար միամսյակի շրջանակում լուրջ ուշադրություն դարձնել խնայողությունների թեմային, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի այսօրվա մակրոտնտեսական իրավիճակը, մասնավորապես` սպառողական շուկայի սեղմվումը, ավելի շատ թելադրում է, որ սպառողները ծախսեն միջոցները, ոչ թե խնայեն, Դարբինյանն ասաց, որ միջոցառումը ավելի լայն բնույթ ունի, և խնայողությունների թեման դրա միայն մի փոքր մասն է կազմում։

«Ինչ վերաբերում է խնայողություններին, ապա անցած տարի Համաշխարհային բանկի պատվերով իրականացված սոցհարցումների արդյունքում պարզվել է, որ բնակչության 66%-ը այս կամ այն ձևով միջոցներ է խնայում։ Բայց այդ` ծավալի 6%-ն է իր միջոցները պահում է բանկերում»,- ասաց Դարբինյանը՝ հավելելով, որ այդ թվերից պարզ է դառնում` բնակչության շրջանում անհրաժեշտ է տարածել ֆինանսական գրագիտությունը և ֆինանսական կառույցների նկատմամբ վստահություն սերմանել։

Ըստ նրա՝ այն, որ բնակչության մեծ մասը կվստահի իր միջոցները ֆինանսական կառույցներին, իր հերթին` կհանգեցնի ֆինանսական միջնորդության ավելացման, և բանկերն այդ միջոցները կուղղեն տնտեսության զարգացմանը։

Ճզմաչյանի խոսքով` «խնայել նշանակում է միջոցներն այնպես տնօրինել, որ չկորցնել»։ «Բանկերը և վարկային կազմակերպություններն ամենաժողովրդական կազմակերպություններն են։ Բանկերն այսօր դոլարային ավանդները միջինում ներգրավվում են 9,5%-ով, իսկ դրամայինը` 12-13%-ով, ինչը լավ կյանքից չէ, քանի որ ներգրավվելու այլ միջոցներ չունենք։ Մյուս կողմից` ավանդները տրամադրում են 16-17%-ով։ Եթե հաշվի առնենք, որ ունենք գործառնական ծախսեր՝ 2,5-4%, ապա բանկերը կարող են ունենալ` 1% շահույթ։ Չկա կազմակերպություն, որ այս աստիճանի աշխատի ժողովրդի համար»,- ասաց Ճզմաչյանը։

«Իմ ֆինանսների միամսյակ»-ին մասնակցում են ԿԲ-ն, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը, Հայաստանի բանկերի, Վարկային կազմակերպությունների միությունները, Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան, Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների ասոցիացիան, Ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան», KfW – Kreditanstalt fur Wiederaufbau-ն, SBFIC–Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամը, առևտրային բանկերը, ապահովագրական ընկերությունները ու վարկային  կազմակերպությունները: