Հայաստանը հետաքննական լրագրության կարիք ունի. Հեֆերն

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է «Հետք» հետաքննական կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառմանը, որի համաձայն` վերջինս մտադիր է փակել «Հետք» կայքը:

«Հայաստանը հետաքննական լրագրության կարիք ունի»,- գրել է Ջոն Հեֆերնը:

Էդիկ Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում կատարել էր հետևյալ գրառումը. «Յուրաքանչյուր պաշտոնյայի սրբազան պարտքն է դարձել ունենալ նվազագույնը մեկ լրատվական կայք: Հիմա ձեռի հետ պատգամավոր աշխատող Լֆիկը միանգամից բացել է երկուսը: Բավականին ժամանակ է մտմտում եմ «Հետք» թերթը փակելու մասին: Որովհետև մեդիա դաշտում, մենք կարծես թե արդեն տեղ և անելիք չունենք: Բայց մի քանի հետաքննություններ ունենք ընթացքի մեջ, դրանք պետք է ավարտել: Եվ դրանցից մեկով էլ կներկայացնենք, թե ինչպես իշխանությունը կարողացավ ոչնչացնել մեդիադաշտը: Ինչ պրոյեկտներ է իրականացրել նախկինում, և այժմ ինչ է անում Բաղրամյանը 26-ը: Այս կամ այն լրատվամիջոցի որ լրագրողն է տանում, ասենք վարչապետի գիծը, որը ոստիկանապետի գիծը…. Որ օլիգարխը որ լրատվամիջոցին ինչքան է վճարում: Ովքե՞ր են հեռուստաընկերությունների իրական սեփականատերերը: Ինչպե՞ս են պետական պաշտոնյաները, օլիգարխները կարգավորում իրենց հարաբերությունները խմբագիրների, առանձին լրագրողների հետ: Ինչպե՞ս մենաշնորհվեց գովազդի դաշտը, ո՞վ է այնտեղ հիմնական խաղացողը: Եվ հրաժեշտ հայաստանյան մեդիադաշտին»:

Լուսանկարը` ՍիվիլՆեթի