Էլ չասեք՝ փող չկա

Սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի մասնակցությամբ հայ-վրացական սահմանին տեղի ունեցավ «Բագրատաշեն» սահմանային անցակետի հիմնարկեքի արարողությունը: Մոտավոր ու համեստ հաշվարկներով՝ պետբյուջեի վրա այդ միջոցառումը նստել է մոտ 4 մլն դրամ։ Այդ ծախսերի առյուծի բաժինն ընկել է հիմնարկեքի արարողությանը Սերժ Սարգսյանի՝ մոտ 1 ժամով մասնակցությունն ապահովելու համար։

Նախագահը Բագրատաշեն մաքսակետ ժամանեց ուղղաթիռով, իսկ անվտանգությունը ապահովող աշխատակիցների ավտոմեքենաները և նախագահի անձնական մեքենաները այդ օրը պետք է անցնեին ընդհանուր 440 կմ ճանապարհ՝ Երևան-Բագրատաշեն-Երևան, որպեսզի ապահովեն նախագահի տեղաշարժը ուղղաթիռի վայրէջքի հրապարակից մինչև շինհրապարակ, որը մոտ 1 կմ հեռավորության վրա է։ Իհարկե, ուղղաթիռով ավելի քիչ ժամանակ է պահանջվում Երևանից Բագրատաշենի մաքսային անցակետ հասնելու համար, սակայն մոտավոր հաշվարկներով ուղղաթիռով մեկնելը միայն վառելիքի ծախսի գծով պետբյուջեի վրա արժեցել է մոտ 1 մլն («Մի-8» ուղղաթիռը, որի արագությունը 250 կմ/ժ է, 1 ժամում ծախսում է 800 լ վառելիք)։

Բացի այդ, նախագահի անվտանգության աշխատակիցների մեքենաների և նախագահի անձնական մեքենայի՝ Բագրատաշեն հասնելու վառելիքի ծախսը կազմել է մոտ 500 հազ. դրամ (100 կմ-ի հաշվով 20 լ)՝ չհաշված ամորտիզացիոն ծախսերը։

Եթե հաշվի առնենք, որ միջոցառմանը ներկա էին մոտ 20 պաշտոնյաներ՝ նախարարներ, փոխնախարարներ, մարզպետ, Պետական եկամուտների կոմիտեի նախագահը և աշխատակիցներ, ապա միայն վառելիքի ծախսը հաշվի առնելով՝ նրանց ներկայությունը միջոցառմանը պետբյուջեի վրա նստել է ավելի քան 1 մլն դրամ։  Հասկանալի է, որ պաշտոնյաները ամեն դեպքում պետք է մասնակցեին հիմնարկեքին, բայց նրանց թիվը զգալիորեն քիչ կլիներ, եթե միջոցառմանը չմասնակցեր նախագահը։

Նախագահի այցը լուսաբանելու համար Երևանից նաև լրագրողներ էին տեղափոխվել՝ 3 միկրոավտոբուսներով, որոնց վարձավճարը 1կմ-ի համար կազմում է 200 դրամ։ Այսինքն՝ միայն լրագրողների մասնակցությունը միջոցառմանը պետբյուջեի վրա արժեցել է 250 հազ.։ Սա այն դեպքում, երբ լրագրողներին «անվտանգության նկատառումներից ելնելով» չթույլատրվեց ներկա լինել բուն հիմնարկեքի արարողությանը։

Հիմնարկեքի մասնակիցների համար նաև ֆուրշետային սեղան էր գցվել։ Հյուրասիրության ծառայություններ մատուցող ընկերությունները բարձրակարգ ծառայությունները 1 անձի հաշվով մատուցում են մոտ 10 հազ. դրամով, ինչը նշանակում է, որ մոտավոր հաշվարկներով ֆուրշետը պետբյուջեի վրա արժեցել է 500 հազ.։

Հայ-վրացական սահմանին մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային վերահսկողության ընթացակարգերում գործառույթների կրկնությունը, արագացումը չափազանց կարևոր են, սակայն որքանո՞վ են արդարացված պաշտոնյաների մասնակցության ծախսերը, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում աղքատության մակարդակը 35%-ից ավելի է, իսկ կառավարությունը չի կարողանում լուծել սոցիալական բազմաթիվ խնդիրներ: