Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Իրանի արտգործնախարարները

Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նախարարները գոհունակություն են հայտնել բարձր մակարդակի վրա գտնվող փոխշահավետ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրա վկայություններից է նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը։ 

Անդրադարձ է կատարվել Հայաստանի Ազգային ժողովի և Իրանի Մեջլիսի միջև համագործակցությանը, կարևորվել միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը։ 

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային բնագավառներում փոխգործակցության վերաբերյալ։ 

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։ 

Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը՝ կարևորելով այդ ուղղությամբ արձանագրված դրական միտումները։ 

Անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին։ Այս համատեքստում Իրանի ԱԳ նախարարը վերահաստատել է իր երկրի աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը։ 

Էդվարդ Նալբանդյանն իր իրանցի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան։