Գնաճը սեպտեմբերին կազմել է 8,2%

Սեպտեմբերին տեղի է ունեցել 12-ամսյա գնաճի տեմպի դանդաղում` կազմելով 8,2%։ Թեև գնաճի ցուցանիշը նվազել է, այն շարունակում է գերազանցել բյուջեի հիմքում դրված թիրախային ցուցանիշը՝ 4±1,5%։ Մյուս կողմից` կառավարությունն այս տարվա համար արդեն կանխատեսում է 7,4% գնաճ:

Ազգային վիճակագրական ծառայության «Սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2013թ. հունվար-սեպտեմբերին» հրապարակման համաձայն` սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 8,2%, այն դեպքում, երբ օգոստոսին տարեկան գնաճը կազմել էր 9,3%։ Համեմատության համար նշենք, որ հուլիսին 12-ամսյա գնաճը կազմել էր 8,5%, հունիսին՝ 6,5%, մայիսին` 5,2%, ապրիլին՝ 3,9%, մարտին՝ 3,4%։

ԱՎԾ-ի հրապարակման համաձայն՝ 2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները աճել են 8%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 3,4%-ով, ծառայությունների սակագները` 10,9%-ով։

Վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն` 2013թ. սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0,2% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0,5%-ով, ծառայությունների ոլորտի սակագները`0,2%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0,6% գնաճ:

Ամսական կտրվածքով գնանկումը նպաստել է, որ սեպտեմբերին 12-ամսյա գնաճի տեմպը օգոստոսի ցուցանիշի նկատմամբ նվազի 1,1 տոկոսային կետով։ Նախորդ տարիների միտումները, մասնավորապես 2010 թվականինը, ցույց են տալիս, որ ամսական կտրվածքով 0,2% գնանկումը կարող է բերել գնաճի տեմպի դանդաղմանը։

Ըստ ԱՎԾ-ի՝ սեպտեմբերին պարենային ապրանքների 0,5% գնանկումը հիմնականում պայմանավորվել է մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի, շաքարավազի 7,3-2,2% գնանկումով:  Թեև ամսական կտրվածքով արձանագրված գնանկմանը` սեպտեմբերին տարեկան կտրվածքով մրգի ապրանքախմբում արձանագրվել է 20,6%, կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում` 12,5% գնաճ, բանջարեղենի և կարտոֆիլի գներն աճել են 12,4%-ով, կաթնամթերքը՝ 12,2%-ով, հացամթերքը թանկացել է 6,1%-ով, մսամթերքը` 4%-ով: Առաջին անհրաժեշտության ապրանքներից միայն շաքարի գինն է, որ սեպտեմբերին տարեկան կտրվածքով նվազել է 14,8%-ով։